Միացյալ Նահանգներն ու Հայաստանը քաղաքացիական միջուկային համագործակցության հուշագիր ստորագրեցին

Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ու Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Վաշինգտոնում ստորագրել են փոխըմբռման հուշագիր՝ քաղաքացիական միջուկային բնագավառում ռազմավարական համագործակցության վերբերյալ։

Փաստաթուղթը ստորագրելուց առաջ նրանք հանդես եկան կարճ հայտարարություններով, որն ուղիղ հեռարձակվեց Պետդեպարտամենտի կայքով։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բլինքեն․ «Փորձում ենք նպաստել Լեռնային Ղարաբաղի հարցով երկարատև քաղաքական կարգավորմանը»

Էնթոնի Բլինքենը գոհունակություն հայտնեց հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության նիստերը վերականգնելու կապակցությամբ, որն ընդհատվել էր քովիդի համավարակի պատճառով։

«Սա շատ կարևոր երկխոսություն է, որի միջոցով կարող ենք խորացնել և ամրապնդել մեր հարաբերությունները և փնտրել նոր հարթակներ համագործակցության և փոխգործակցության համար»,- ասել է ԱՄՆ-ի պետքարտուղարը, մասնավորապես, որպես նոր ուղիներից մեկը նշելով քաղաքացիական միջուկային փոխըմբռման հուշագրի ստորագրումը։

Բլինքենը գովեստով է խոսել ժողովրդավարական բարեփոխումները շարունակելու Հայաստանի վարչապետի, կառավարության ջանքերի մասին և նշել, որ առաջընթացը պետք է շարունակական լինի։

ԱՄՆ-ի պետքարտուղարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը․ - «Ցանկանում եմ ողջունել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը և երախտագիտություն հայտնել տեսլականի, խիզախության և ճկունության համար, որը վարչապետը և Հայաստանը ցուցաբերում են տևական խաղաղության հասնելու գործընթացում, ինչը բոլորիս նպատակն է»,- նշել է Բլինքենը։

Արարատ Միրզոյանն ասել է, որ 2018 թվականի թավշյա ժողովրդավարական հեղափոխությունից հետո համախմբված ուժերով ու համատեղ ջանքերով հայ-ամերիկյան համագործակցության աստիճանը բարձրացել է ռազմավարական երկխոսության մակարդակի։

Միրզոյանն անդրադարձել է ԱՄՆ-ի աջակցությանը Հայաստանի էներգետիկ ոլորտի զարգացմանն, իր համար պատիվ է համարել քաղաքացիական միջուկային համագործակցության հուշագարի ստորագրումը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վաշինգտոնը պատրաստ է Երևանին և Բաքվին օգնել համապարփակ խաղաղություն հաստատելու գործում

Հայաստանի արտգործնախարարը բարձր է գնահատել տարածաշրջանի խաղաղությանն ու կայունությանն ուղղված ԱՄՆ-ի ջանքերը, նաև որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի, որը միջազգային հանրության մանդատ ունի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման համար։

Միրզոյանը նաև շնարհակալություն է հայտնել Հայաստան-Թուրքիա հարաբերությունները նորմալացնելու ԱՄՆ-ի ջանքերի համար և բարձր գնահատել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և դատապարտելու ԱՄՆ-ի ամուր դիրքորոշումը, որը ցուցաբերվեց նաև այս տարի։

Մայիսի 2-6-ը աշխատանքային այցի ընթացքում նախատեսված են նաև Արարատ Միրզոյանի հանդիպումներ վարչակազմի պաշտոնյաների, Կոնգրեսի անդամների և ելույթ Ատլանտյան խորհուրդ կենտրոնում։