Վանաձորի աղբահանող հինգ ընկերություններն արդեն մեկ ամիս անվճար են աշխատում․ ոչ թե բարեգործ են, այլ վճարող չկա։ Պայմանագրերը ավարտվել են, իսկ նոր պայմանագիր կնքելու համար համայնքը ղեկավար չունի։
«Հավատացեք, մենք իրենց այս պահի դրությամբ որևէ վճարում աղբահանության համար չենք իրականացրել և չէինք էլ կարող իրականացնել, որովհետև աղբահանության պայմանագրեր իրենք չունեն», - ասում է քաղաքապետարանի կոմունալ բաժնի պատասխանատու Արմեն Այվազյանը։
Ժամանակին այս նույն աշխատանքի դիմաց համայքային իշխանությունն օրական մեկ միլիոն դրամ էր վճարում։ Հիմա կոմունալ բաժնի պատասխանատուն ասում է, որ հարցը լուծել են «մարդկային բանակցությունների ու համագործակցության արդյունքում»։ չեն մոռացել նաև խոստումներ տալ՝ ապագա մրցույթների վերաբերյալ։
«Հետագայում մրցութային պայմանների ժամանակ մարդկայնորեն ու նաև քաղաքի շահերից ելնելով, որոշակի մենք հաշվի կառնենք, որ մեզ նեղ վիճակի ժամանակ, համայնքի ղեկավար չունեցած ժամանակ մարդիկ մեզ ընդառաջել են։ Եթե հավասար պայմաններ եղան մրցույթի մասնակիցների միջև և բանակցային փուլ եղավ, իհարկե նախընտրելու ենք իրենց, ովքեր մեզ ընդառաջել են արդեն մի քանի ամիս»։
Անցած տարեվերջին Վանաձորին միացան մոտակա երեք գյուղեր։ Արդեն հինգ ամիս, ինչպես Վանաձորում է անիշխանություն, այս գյուղերում էլ վարչական ղեկավար չկա, քանի որ խոշորանալուց հետո գյուղի պատասխանատու նշանակելու միակ գործառույթը Վանաձոր համայնքի ղեկավարինն է։ Քանի դեռ Վանաձորը ղեկավար չունի, գյուղերում էլ ամենաբարձր պաշտոնյան աշխատակազմի ղեկավարն է։
Հայկանուշ Սարգսյանն ասում է, որ մոտ 6000 բնակիչ ունեցող գյուղում ևս փորձում են խղճով աշխատել, քանի որ օրենքները հաճախ անզոր են արդեն հինգ ամիս համայնքի ղեկավար ու գործող ավագանի չունեցող Վանաձորում. - «Մարդկային խղճի ու պատասխանատվության սահմաններում մենք աշխատում ենք մեր բնակիչների համար խնդիրների հնարավոր լուծումներ կատարել։ Տեղեկանքի համար եթե մարդը դիմում ա, ես չեմ ասում՝ գնա, վաղը կգաս կամ սպասի, երբ համայնքի ղեկավար կլինի, կգաս։ Միայն էն խնդիրները, որոնք կապված են համայնքի ղեկավարի ու ավագանու լիազորություններ հետ, կոնկրետ որոշումների կայացման հետ, դրանց համար ասում ենք սպասեք»։
Աղբահանության հարցը քաղաքից հեռու գյուղական բնակավայրերում ավելի սուր է։ Աշխատակազմի ղեկավարն ասում է՝ գոնե շաբաթական երեք անգամ աղբը գյուղից հանելու համար համայնքապետարանը մեքենա, Գուգարքի աշխատակազմն էլ՝ իրենց անձնական միջոցներից գումար է տրամադրում վառելիքի ծախսի համար. - «Մենք աշխատակիցներով որոշակի հանգանակություն ենք անում։ Ի՞նչ, չի կարելի՞։ Մի քիչ էլ մեզ նեղություն տանք՝ երկիրը պահենք կանգուն։ Եթե ես 16 տարի աշխատել եմ, աշխատավարձ եմ ստացել, իմ ընտանիքը պահել եմ, պետությունն էլ է իմ ընտանիքը։ Այսօր էլ պետությանն ա պետք, որ իմ այս գրպանից ինչ-որ մի փոքր գումարով կլինի, թե աշխատանքով կլինի, օգնեմ, որ էս պետությունը կայանա»։
Ազգային ժողովը մեկ ամիս առաջ վարչապետին Վանաձորի համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելու լիազորություն էր տվել, մինչ ավագանին համայնքապետ ընտրելու հնարավորություն կունենա։ Բայց առայժմ նշանակում չի եղել։ Միակ թեկնածուն արդեն հինգ ամիս կալանավորված Մամիկոն Ասնալյանի օրոք համայնքապետի տեղակալ եղած Արկադի Փելեշյանն է։ Լոռու մարզպետը չէր բացառել, որ հենց նա կղեկավարի համայնքը, քանի դեռ վարչական դատարանը չի հանել ղեկավար ընտրելու ավագանու վրա դրված արգելանքը։