Ուկրաինայի ռազմական հետախուզությունն այսօր հրապարակված հայտարարության մեջ պնդում է, որ Ռուսաստանը փորձում է իր դեմ սահմանված արևմտյան պատժամիջոցները շրջանցել հարավկովկասյան երեք պետությունների միջոցով։
«Մոսկվան բանակցություններ է վարում Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ միջազգային շուկաներ ռուսական ապրանքների վերաարտահանման շուրջ։ Մատակարարումները նախատեսվում են իրականացնել վրացական, հայկական և ադրբեջանական ծագում ունեցող արտադրանքի տեսքով՝ առաքելով դրանք երրորդ երկրներ», - պնդում է Ուկրաինայի ռազմական հետախուզությունը՝ ընդգծելով, որ Հարավային Կովկասի երեք պետություններում ռուսական կապիտալի մասնակցությամբ արդեն իսկ 200 համատեղ ձեռնարկություն է ստեղծվել։
Ուկրաինայի պաշտպանության նախարարության Գլխավոր հետախուզական վարչությունը նաև պնդում է, որ Հայաստանը բարենպաստ պայմաններ է ստեղծել պատժամիջոցներ խուսափել ցանկացող ռուսական բիզնեսի համար։
«Խոսքը նախևառաջ IT (տեղեկատվական տեխնոլոգիաներ) ոլորտի ընկերությունների մասին է։ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի լայնածավալ հարձակման մեկնարկից ի վեր Հայաստան է տեղափոխվել Ռուսաստանի 85 հազար քաղաքացի և IT ոլորտի 113 ընկերություն։ Այս ընթացքում Ռուսաստանի քաղաքացիները Հայաստանում հազարից ավելի մասնավոր ընկերություններ և 250 սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններ են ստեղծել՝ հարկեր մուծելով Հայաստանի և Ռուսաստանի բյուջեներ», - պնդում են ուկրաինացի ռազմական հետախույզները։