Քիչ առաջ մեղադրանք առաջադրվեց վարչապետի ավտոշարասյանն ուղեկցած ոստիկանական մեքենայի ղեկին եղած սպայական վաշտի հրամանատար Արամ Նավասարդյանին՝ ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար, որը հանգեցրել է մարդու մահվան։
Ոստիկանը 3 օր առաջ վրաերթի էր ենթարկել 28-ամյա Սոնա Մնացականյանին, հղի կինը տեղում մահացել էր։ Փաստաբան Ռուբեն Բալոյանի հաղորդմամբ՝ ոստիկանին մեղադրանք չի առաջադրվել դեպքի վայրը լքելու հոդվածով, քանի որ վերջինս միջադեպից որոշ ժամանակ անց վերադարձել է այնտեղ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հղի կնոջը վրաերթի ենթարկած ոստիկանության մայորը դեռևս չի հարցաքննվել. փաստաբան«Ինքը եկել է դեպքի վայր, ինքը զննությանը մասնակցել է, քննություն է կատարվում, բազմաթիվ քննչական գործողություններ են կատարվում: Խափանման միջոցի հետ կապված դեռևս նորություն չունենք», - փոխանցեց Ռուբեն Բալոյանը:
Այսօր լրանում է ոստիկանի ձերբակալության 3-րդ օրը։ Ավելի ուշ հայտնի կդառնա՝ նա կկալանավորվի, թե ոչ։
Քրեական գործով անցնող այլ կասկածյալներ չկան։ Չկան նաև նոր պարզաբանումներ միջադեպի առնչությամբ իշխանությունների կողմից։ Վերջինը վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի գրառումն էր։ Ըստ նրա` ոստիկանները չէին կանգնել և օգնություն ցուցաբերել Սոնա Մնացականյանին, քանի որ «ըստ աշխատանքի միջազգայնորեն ընդունված կանոնակարգի՝ երկրների ղեկավարների շարասյունը ուղեկցող (տվյալ դեպքում՝ ՃՈ) մեքենաներն իրավունք չունեն չնախատեսված տեղում կանգ առնելու»։
Փաստերի ստուգմամբ զբաղվող կազմակերպությունները շտապեցին հերքել Չախոյանի պնդումը
«Ընդհանուր առմամբ արարողակարգը լինում է կառավարության որոշմամբ, այսինքն` դա ենթաօրենսդրական ակտ է, իսկ ենթաօրենսդրական ակտերը եթե համեմատում ենք օրենքների հետ, օրենքն ավելի գերակա է: Մենք դրա համար որոշեցինք ուսումնասիրել օրենքը: Եթե օրենքում չկան բացառություններ, այսինքն` նշված չի, որ օրինակ` բացի այս-այս դեպքերից, դու կարող ես անել այդ գործողությունը, նշանակում է, որ օրենքը տարածվում է նաև այդ դեպքի վրա: Հետևաբար, եթե օրենքում ասվում է, որ վթարից հետո վարորդը պետք է կանգնի անմիջապես, պետք է օգնություն ցուցաբերի տուժածին, չի կարող ենթաօրենսդրական ակտով սահմանվել այլ բան, ու գործի դա», - ասում է Fip.am-ի լրագրող Նարեկ Մարտրիոսյանը:
Նա հիշեցնում է՝ Հայաստանը վավերացրել է նաև «Ճանապարհային երթևեկության մասին» միջազգային կոնվենցիան, որը ևս չի սահմանում բացառություններ, երբ քաղաքացուն հարվածած մեքենան կարող է շարունակել ճանապարհը, հետևաբար և՛ օրենքը, և՛ կոնվենցիան տարածվում են նաև վարչապետին ուղեկցող ավտոշարասյան վրա։
«Մենք մի դեպք էինք գտել, որը նյութում նույնիսկ չներառեցինք էլ, Պորոշենկոն էլ երբ քաղաքացիներից մեկին պատահաբար հարվածում է, ու էլի նմանատիպ իրավիճակ էր, ինքը կանգնում է, իսկ մնացած շարասյունը շարունակում է ճանապարհը, այսինքն` այստեղ խնդիրը ո՞րն է, ճանապարհը միևնույնն է` իրենցն է, ազատ է երկու կողմն էլ, և նրանք կարող էին ուղղակի շրջանցել ու անցնել: Եթե անհրաժեշտություն կա, ուրիշ ոստիկանական մեքենա ուղեկցեր իրենց», - նշում է լրագրողը:
Քննչական կոմիտեն միջադեպը քննում է քրեական օրենսգքրի 2 հոդվածների շրջանակում՝ Ճանապարհային երթևեկության անվտանգությանն ուղղված պահանջները խախտելու և պատահարի վայրը թողնելու հոդվածներով:
«Փաստացի մարդն իրապես բարձրագույն արժեք չէ»
Իրավապաշտպանները, սակայն, կարծում են` 28-ամյա կնոջ վրաերթը անցնում է քրեական օրենսգրքի սահմանները ու ի ցույց դնում ավելի լուրջ խնդիր։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ողբերգական վրաերթը՝ վարչապետի հրաժարականի պահանջի ևս մեկ պատճառ․ իշխանությունը, սակայն, նման հարց չի քննարկի«Փաստը մնում է փաստ, որ մենք ունենք խոշտանգվածներ, որոնց վերաբերյալ պատասխանատվություն որևէ մեկը չի կրում, մենք ունենք խաղաղ պայմաններում սպանված զինվորներ, որոնց համար որևէ մեկը պատասխանատվություն չի կրում: Մենք ունեցանք զոհեր, և պարզվեց, որ ըստ վարչապետի` կարելի էր խուսափել այդ զոհերից: Մի խոսքով` մենք ունենք տարբեր դրվագներում իրավիճակներ, որ փաստացի մարդն իրապես բարձրագույն արժեք չէ», - շեշտում է իրավապաշտպան Նինա Կարապետյանցը:
Նրա խոսքով` անգամ չքաղաքականացնելով ողբերգական միջադեպը` միևնույնն է` նկատելի է տասնամյակների ընթացքում ձևավորված ավանդույթ, երբ պետության տեսանկյունից քաղաքացու կյանքը արժեք չունի. «Հանրությունն էլ չի կարողանում հասկանալ, որ հենց ինքն է բարձրագույն արժեքը, ու այնքան ժամանակ քանի դեռ մեր հասարակությունը ոգևորված ջատագովելու է, ողջունելու է, արդարացումներ է փնտրելու իր սիրելի իշխանությունների համար, ու կապ չունի, թե որ իշխանությունների մասին է, մենք այդքան ժամանակ ունենալու ենք այսպիսի ողբերգական վիճակ»:
Ողբերգական վրաերթի զոհ դարձած Սոնա Մնացականյանի հոգեհանգիստը տեղի է ունեցել երեկ, ընտանիքի անդամներն առայժմ միջադեպի վերաբերյալ մեկնաբանությամբ հանդես չեն եկել։
Your browser doesn’t support HTML5