Ընդդիմության իրազեկման քայլերթն այսօր մեկնարկեց Արամ Մանուկյանի արձանի մոտից:
«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների գլխավորությամբ քայլերթի մասնակիցները շարժվում են մայրաքաղաքի կենտրոնական հատվածներով` Խանջյան, Սայաթ-Նովա, Չարենց փողոցներով:
ԱԺ ընդդիմադիր փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հիշեցրեց, որ իրենց պահանջը մեկն է` վարչապետ Փաշինյանի հրաժարական:
Դաշինքի ներկայացուցիչները նշեցին` «Դիմադրություն» շարժման պայքարը հանուն Հայաստանի ու Արցախի է:
«Մեր դիմադրության հաղթարշավի պայքարի երթը շարունակվում է: Առանց Նիկոլ Հայաստան», - վանկարկեց Իշխան Սաղաթելյանը:
Ինչպես նախորդ օրերին, այնպես էլ այսօր մեծաթիվ ոստիկաններ են կենտրոնացած փողոցներում, նաև Հանրապետության հրապարակում:
Ընդդիմությունը փողոցային պայքար սկսեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի Արցախի կարգավիճակի նշաձողը իջեցնելու մասին ելույթից հետո։ Ընդդիմադիրները պնդում են՝ Փաշինյանի կառավարությունը մտադիր է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում, իսկ դա, ըստ նրանց, հնարավոր է տապալել հանրային ճնշմամբ Փաշինյանին իշխանությունից հեռացնելով։
Հայաստանի 4 մարզերից էլ դեպի Երևան ճամփա են բռնել Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավորները, նրանք նշում են՝ Երևանում կլինեն այս կիրակի, մայիսի 1-ին ընդդիմությունը մայրաքաղաքում հանրահավաք է հրավիրել։
Այս ցույցերին զուգահեռ նույն պահանջով Ազատության հրապարակում նստացույցն է շարունակում խորհրդարանի մյուս ընդդիմադիր խմբակցության՝ «Պատիվ ունեմ»-ի ղեկավար Արթուր Վանեցյանը։ Նա ևս այսօր երթ է անցկացնելու:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ըստ փաստաբանի` ոստիկանությունն ապօրինի ու բիրտ ուժ կիրառելով է բերման ենթարկում ընդդիմադիրներին