Տիգրան Ղարաջյանը հակակարկտային ցանցեր արտադրող «Վաբատեքս» ընկերության կոմերցիոն տնօրենն է։ Հայաստանյան շուկայից զատ, ընկերությունն իր արտադրանքը վաճառում է Վրաստանում ու Ռուսաստանում։ Ղարաջյանն ասում է՝ կարճ ժամանակահատվածում դրամի կտրուկ արժևորման պատճառով արդեն խնդիրների են բախվել, քանի որ իրենց արտադրանքը թանկացել է։
«Այսպիսի տուրբուլենտային տնտեսությունը արտահանող և ներմուծող, արտադրող ընկերության համար, այսպես ասեմ, ճգնաժամային է լինում: Կտրուկ արժևորվում է, կտրուկ արժեզրկվում է, շատ անորոշ տնտեսական իրավիճակում ենք հիմա գտնվում», - ասաց Ղարաջյանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայկական դրամը սկսել է արժևորվելՄեկուկես ամսում դրամը արժևորվեց մոտ 15 տոկոսով
Նախորդ մեկուկես ամսում հայկական դրամը ամերիկյան դոլարի ու եվրոյի նկատմամբ արժևորվել է մոտ 15 տոկոսով։ Եթե նախորդ ամսվա սկզբներին երևանյան փոխանակման կետերում ԱՄՆ մեկ դոլարի դիմաց պահանջում էին 530 դրամ, ապա այսօր՝ 450։
«Նույն արտադրանքը, ինչը որ մենք ենք այստեղ արտադրում, նույն արտադրանքը հնարավոր է նաև ներմուծել Իտալիայից: Երբ որ համեմատականները անում ենք, մենք այստեղ շատ լուրջ խնդիր ենք ունենում մեր պատվիրատուների մոտ, որովհետև այն գնով, որը մենք ենք առաջարկում և այն գինը, որը իտալացին է առաջարկում, իրար հետ չեն համապատասխանում», - նշեց Տիգրան Ղարաջյանը:
Այս տարի հայաստանյան արտահանումը սկսեց կրճատվել մինչ դրամի արժևորումը։ Տնտեսագետների կարծիքով, հիմնական պատճառը ռուբլու արժեզրկումն էր, ինչը հայաստանյան ապրանքները թանկ դարձրեց Հայաստանի արտահանման համար կարևոր` ռուսական շուկայում։ Վիճակագրական կոմիտեի վերջին տվյալների համաձայն, եթե այս հունվարին՝ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանից արտահանումը աճել էր 53.4 տոկոսով, փետրվարին աճը դանդաղեց՝ կազմելով 30.3 տոկոս, իսկ մարտին՝ նախորդ տարվա մարտի համեմատ աճը ընդամենը 4 տոկոս էր։
Էներգակիրների դիմաց տարեկան Հայաստանից Ռուսաստան էր հոսում մոտ 1 միլիարդ դոլար
Տնտեսագետ Սուրեն Պարսյանի խոսքով, դրամի կտրուկ արժևորմանը նպաստեցին մի շարք գործոններ՝ Կենտրոնական բանկի մարտի 15-ի որոշումը՝ կտրուկ՝ 1.25 տոկոսային կետով բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ հասցնելով 9.25 տոկոսի։
«Հայաստանից դոլարի արտահոսքը կամ դոլարով արտաքին առևտուրը կրճատվել է՝ պայմանավորված ռուս-ուկրաինական հակամարտությամբ, մասնավորապես, դեպի Ռուսաստան մենք ամսվա կտրվածքով մոտ 70-80 միլիոն դոլարի չափով գումար էինք փոխանցում, հիմա այդ փոխանցումները վերածվել են ռուբլու: Հիմնականում էներգակիրների համար 70-80 միլիոն դոլարի չափով փող էինք փոխանցում Ռուսաստան», - ասաց Պարսյանը:
Ըստ տնտեսագետի, դրամի կտրուկ արժևորումից տուժում են ոչ միայն արտահանողները, այլև արտերկրից դրամական փոխանցումներ ստացող հայաստանցիները, քանի որ ուղարկված դոլարի, եվրոյի դիմաց Հայաստանում ավելի քիչ դրամ են տալիս։
Կենտրոնական բանկի տվյալներով, այս հունվար-փետրվարին հայաստանյան բանկերի միջոցով ֆիզիկական անձիք արտերկրից ստացել են 307.9 միլիոն դոլար, ինչը մոտ 25 տոկոսով ավելի է նախորդ տարվա առաջին երկու ամիսների հետ համեմատ։
«Դրամի փոխարժեքով զբաղվում է շուկան»
Կառավարությունում նույնպես ասում են, թե մտահոգ են դրամի կտրուկ արժևորմամբ, քանի որ այն խնդիրներ է ստեղծում արտահանողների համար, սակայն ինչպես «Ազատությանը» փոխանցեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ կառավարությունը չէ, որ զբաղվում է դրամի փոխարժեքով, այլ՝ շուկան։
Այդուհանդերձ, նախարարը վստահեցրեց, թե գործադիրը ձեռքերը ծալած չի նստել։
«Մենք բազմաթիվ գործիքներ ունենք, որով օգնում ենք արտահանողներին: Վերջերս կառավարության նիստերից մեկում ընդունվեց գյուղմթերք վերամշակող-արտահանողների համար արտոնյալ պայմանների լավացումը կամ տրամադրումը, շարունակվում են աշխատանքները: Ես վերադարձել եմ Տաշքենդից, որտեղ հանդիպել եմ Ռուսաստանի արտահանմանը և արդեն ներմուծմանը օժանդակող ընկերության հետ, ում հետ քննարկել եմ Հայաստանից դեպի Ռուսաստան արտահանումների օժանդակությունն ընդլայնելու հարցը», - նշեց Քերոբյանը:
Կենտրոնական բանկից «Ազատության» հարցմանը պատասխանեցին, թե «Հայաստանում փոխարժեքները ձևավորվում են շուկայում՝ առաջարկի և պահանջարկի հիման վրա։ Կենտրոնական բանկը փոխարժեքի որևէ մակարդակ չի նպատակադրում և կարող է միջամտել, եթե տեղի ունենա ֆինանսական շուկաների բնականոն գործունեության խաթարում»:
Your browser doesn’t support HTML5