Սահմանադրական դատարանն (ՍԴ) այսօր Սահմանադրությանը համապատասխանող է ճանաչել տեղական և միջազգային փորձագետների կողմից խիստ քննադատության արժանացած «ծանր վիրավորանքի» հոդվածը։
Հոդվածի սահմանադրականությունը վիճարկել էր նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը, բայց դատարանում արդեն գործող պաշտպան Քրիստինե Գրիգորյանի աշխատակազմն է հիմնավորել վիճահարույց հոդվածի հակասահմանադրականությունը։ Այնինչ ամիսներ առաջ Գրիգորյանը, որ դեռ արդարադատության փոխնախարարն էր, հիմնավոր էր համարել այս օրենքը։
Բարձր դատարանը եռօրյա ժամկետում կհրապարակի որոշումը, որից էլ պարզ կդառնան դատարանի հիմնավորումները։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իշխանությունը կրկին պնդում է` ծանր վիրավորանքը քրեականացնելու օրենքը զսպող դեր ունիՄոտ մեկ տարի առաջ նախորդ գումարման Ազգային ժողովը քրեականացրեց անպարկեշտ խոսքերը և հայհոյանքը, սահմանվեց պատիժ՝ մինչև 3 միլիոն դրամ տուգանք կամ ազատազրկում՝ մինչև 3 ամիս ժամկետով: Նախագիծն ընդունվել էր միայն իշխանական պատգամավորների ձայներով։
Ծանր վիրավորանքի հոդվածով անցած 9 ամսում 802 քրեական գործ է հարուցվել։ Արդեն դատարան է ուղարկվել 48 գործ։ Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ քրեական գործերից ընդամենը 2-ի դեպքում է առերևույթ ծանր վիրավորանքը հասցրել լրագրողը, 38-ի դեպքում՝ քաղաքական գործիչները, 762-ի դեպքում՝ այլոք: Դատախազությունն այս վիճակագրությունը ներկայացնելով հավաստիացնում է, թե օրենքն ու հարուցված քրեական գործերը մամուլի ազատության կամ քաղաքական գործիչների դեմ չեն։
Մինչ այդ չի դադարում տեղական ու միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների քննադատությունը։ Նրանք կոչ են անում օր առաջ չեղարկել օրենքը։ Փորձագետները կարծում են, որ ծանր վիրավորանքի քրեականացումը վնաս է հասցնում խոսքի և կարծիքի ազատությանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԵԽԽՎ-ն հորդորում է Հայաստանի իշխանություններին ապաքրեականացնել «ծանր վիրավորանքը»