Մատչելիության հղումներ

Կարևոր օրենքներն ընդունվում են հապճեպ, կոպիտ խախտումներով. Պաշտպան


Մարդկանց վերաբերող կարևորագույն օրենքներն այսօր ընդունվում են հապճեպ, կոպիտ խախտումներով՝ քաղաքական լուծումների համար, «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ հայտարարեց մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Թե՛ կորոնավիրուսի համավարակի, թե՛ պատերազմի ժամանակ պետությունը, օգտագործելով ճգնաժամային, բարդ իրավիճակները, չարաշահում էր մարդկանց իրավունքները սահմանափակելու իր հնարավորությունը, ասաց պաշտպանը՝ նկատելով՝ «հիմա էլ է այդպես»։

«Օրինակ ծանր վիրավորանքի հոդվածը։ Սա ամենաանթույլատրելի հոդվածներից էր, որ ընդունվեց ու հիմա շատ լուրջ խնդիրներ է առաջացրել մարդկանց համար։ Իմ համոզմամբ, իրավապահ մարմիններին էլ է դրել խնդիրների առաջ։ Սա մաքուր այն հարցերից էր, որ քաղաքական նկատառումներից ելնելով, առանց հաշվի առնելու մարդու իրավուքնները, նախաձեռնվեց այսպիսի նախաձեռնություն», - ասաց Պաշտպանը՝ շեշտելով՝ իր համար բացարձակ անթույլատերլի է վիրավորանքը, հայհոյանքը։

«Մենք պետք է դա դադարեցնենք, բայց ոչ թե այս ճանապարհով, ոչ թե ասենք մի քանի ամիս առաջ ընտրությունների ժամանակ ամենաբարձր պիկին հասցնենք ատելությունն ու վիրավորանքը, հետո Քրեական օրենսգրքով սկսենք սահմանափակել», - նշեց Թաթոյանը։

2021-ի մարտին խորհրդարանը 76 կողմ, 39 դեմ ձայներով ընդունեց ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի ներկայացրած զրպարտության և վիրավորանքի համար փոխհատուցման չափը խստացնող օրինագիծը։ Լրագրողական կազմակերպությունները քննադատեցին տուգանքների բարձրացումը՝ շեշտելով՝ փակ դռների հետևում մշակված այս նախագիծը չի քննարկվել մասնագիտների հետ։ Այս տարվա հունվարին Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը բանաձև ընդունեց, որով կոչ արեց Հայաստանի իշխանություններին ապաքրեականացնել «ծանր վիրավորանքը»։

Թաթոյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․

XS
SM
MD
LG