Բարձր դատարանը սահմանադրական ճանաչեց Ալեն Սիմոնյանի ընտրությունը

Բարձր դատարանն այսօր սահմանադրական ճանաչեց Ազգային ժողովի նախագահի ընտրությունը, որի իրավաչափությունը վիճարկում էին ընդդիմադիր պատգամավորները։

Սահմանադրական դատարանից փոխանցեցին՝ որոշումը եռօրյա ժամեկտում կհրապարակվի դատարանի պաշտոնական կայքէջում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱԺ առաջին նիստն անցնում է լարված մթնոլորտում․ «Հայաստան»-ը պահանջում է ապահովել դաշինքի կալանավորված երկու անդամի ներկայությունը

Ընդդիմադիրները յոթ ամիս առաջ Բարձր դատարան ներկայացված իրենց դիմումում պնդել էին, որ Ազգային ժողովի նախագահի իրենց թեկնածուները՝ Մխիթար Զաքարյանը և Արթուր Սարգսյանը հնարավորություն չեն ունեցել մասնակցել խորհրդարանի նիստին կալանավորված լինելու պատճառով և նրանք հնարավորություն չեն ունեցել նեկայացնել իրենց ծրագիրը, այդպիսով խախտվել է նրանց սահմանադրական իրավունքը։

Դիմումը Սահմանադրական դատարանում ներկայացրած ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության իրավաբան պատգամավոր Արամ Վարդևանյանը չցանկացավ այն մեկնաբանել՝ պնդելով, թե հիմա այլ հարցեր են կարևոր։

Ավելի վաղ, Վարդևանյանն «Ազատության» հետ զրույցում, հինավորել էր իրենց դիմումը հետևյալ կերպ․ - «Ալեն Սիմոնյանը ունեցավ ելույթ, ուներ հնարավորություն պատասխանելու հարցերին, որոնք ներկայացվում էին։ Իսկ Արթուրը Սարգսյան և Մխիթար Զաքարյանը, որոնք «Հայաստան» խմբակցության և «Պատիվ ունեմ» խմբակցության ներկայացուցիչներն էին, նման հնարավորություն չէին ունեցել։ Չէին ունեցել հակասահմանադրական, հակաօրինական միջամտության պայմաններում»։

Ընդդիմադիր պատգամավորը վկայակոչել էր Բարձր դատարանի մեկ այլ որոշում, որով հակասահմանադրական էր ճանաչվել պատգամավորի կարգավիճակում Զաքարյանի և Մխիթարյանի կալանավորումը․ - «Սահմանադրական դատարանը արձանագրեց, որ այդ հիմնավորումը, որը մենք ներկայացնում էին, որ պատգամավորը առանց Ազգային ժողովի համաձայնության, անձեռնմխելիությունից ելնելով, չէր կարող լինել քրեակատարողական հիմնարկում, հաստատվեց։ Հետևաբար Ազգային ժողովի նախագահի ընտրությունները այդ մասով արդեն հաստատված է, որ օրինականության խնդիր են ունեցել»։

Ընդդիմադիրների այս դիմումը Բարձր դատարանը սկզբում որոշել էր քննել բանավոր ընթացակարգով՝ հանրության ու լրագրողների համար բաց։ Հետո արդեն որոշվել էր այն քննել փակ՝ գրավոր ռեժիմով։ Որպես զեկուցող դատավոր էր նշանակվել Երվանդ Խունդկարյանը, որին հետո փոխարինեց Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը։ Պատճառը Խունդկարյանի դիրքորոշան տարբերությունն էր մյուս դատավորներից, այս դեպքում Սահմանադրական դատարանի աշխատակարգը հնարավորություն է տալիս փոխել դատավորին։

Խունդկարյանի դիրքորոշումը պարզ կդառնա, երբ Բարձր դատարանը հրապարակի այսօր կայացրած որոշումը։