Ֆինլանդիան և Շվեդիան շատ կարճ ժամանակահատվածում կարող են դառնալ ՆԱՏՕ-ի լիիրավ անդամներ: Այդ մասին այսօր հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավար Յենս Ստոլտենբերգը:
«Մենք երկխոսության մեջ ենք Ֆինլանդիայի և Շվեդիայի հետ, դա պետք է այդ երկրների որոշումը լինի: Եթե Ֆինլանդիան և Շվեդիան որոշեն դիմել, մենք ջերմորեն նրանց կընդունենք, և ես կարծում եմ, որ գործընթացն արագ կիրականացվի»,- ասել է գլխավոր քարտուղարը:
Նա համոզված է, որ դաշինքի անդամ 30 պետությունները կարճ ժամանակամիջոցում կվավերացնեն երկու նոր անդամների ընդունումը:
Ֆինլանդիան 1300 կիլոմետրանոց ցամաքային սահման ունի Ռուսաստանի հետ: Շվեդիան ծովային սահման ունի:
Ռուսաստանը հայտարարել է, թե միջուկային զենք և հիպերձայնային հրթիռներ կտեղակայի Բալթյան ծովի ափին գտնվող Կալինինգրադի անկլավում այն դեպքում, եթե Ֆինլանդիան և Շվեդիան միանան ՆԱՏՕ-ին:
«Այդ սպառնալիքն ընդամենն ապացուցում է, որ Ռուսաստանն արհամարհում է ընտրած ճանապարհով ընթանալու յուրաքանչյուր երկրի իրավունքը»,- ասել է Ստոլտենբերգը: