Լիզ Թրաս. Արևմուտքը պետք է կրկնապատկի Ուկրաինային օգնելու ջանքերը

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրաս, արխիվ

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասն ասել է, որ Արևմուտքը պարտավոր է կրկնապատկել ջանքերը Ռուսաստանի ագրեսիայի դեմ պայքարող Ուկրաինային սատարելու գործում:

Թրասի խոսքով` Կիևին անհրաժեշտ է տրամադրել ծանր զինատեսակներ, այդ թվում` հրասայլեր և օդանավեր:

Արտգործնախարարի փոխանցմամբ, այժմ Եվրոպայում ընթանում է Երկրորդ աշխարհամարտից ի վեր ամենաարյունալի և լայնածավալ պատերազմը, որը համատարած ավերածություններ է առաջացրել ամբողջ Ուկրաինայում և հազարավոր մարդկանց կյանք է խլել:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Եվրամիությունը կֆինանսավորի կես միլիարդ եվրոյի սպառազինության տրամադրումը Ուկրաինային

Բրիտանիան, եվրոպական երկրները, Միացյալ Նահանգները զենք և զինամթերք են տրամադրում Ուկրաինային, բայց ամեն կերպ փորձում են խուսափել Ռուսաստանի հետ ուղիղ առճակատումից:

Մոսկվան, իր հերթին, նախազգուշացնում է, որ Ուկրաինայի զինումը կարող է հանգեցնել առճակատման ընդհուպ միջուկային զենքի գործադրմամբ:

«Եկեք պարզ ասենք՝ եթե Պուտինին հաջողվի հաղթել, ապա Եվրոպայում սոսկալի վիճակ կստեղծվի, և դա կունենա սարսափելի հետևանքներ ամբողջ աշխարհում»,- ասել է Լիզ Թրասը և զգուշացրել, որ Պուտինն Ուկրաինայով չի բավարարվի ու նոր տարածքներ խլելու համար նոր հարձակումներ կգործի:

Բրիտանիայի արտաքին գերատեսչության ղեկավարի համոզմամբ, Արևմուտքը պարտավոր է հզորացնել պաշտպանության համակարգը և այդ հարցում հատկապես մեծ ուշադրություն հատկացնել Լեհաստանին ու Ռուսաստանի հարևանությամբ գտնվող ռիսկային խմբի մյուս երկրներին:

Բացի այդ, ըստ Թրասի, Արևմուտքը պետք է նվազեցնի տնտեսական կախվածությունն ագրեսորներից:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պատերազմ Ուկրաինայում (լայվ բլոգ, թարմացվող)