Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական քարտուղար Էնթոնի Բլինքենը և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը հեռախոսով քննարկել են Ուկրաինայի վրա հարձակման համար Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու հարցը:
Այդ մասին հայտնել է Միացյալ Նահանգների պետական դեպարտամենտի մամլո խոսնակ Նեդ Փրայսը:
Նրա փոխանցմամբ, Բլինքենը և Թրասն ընդգծել են «Ուկրաինային աջակցելու և Ռուսաստանի գործողությունները սատարողների դեմ արագ և նշանակալի քայլերի իրականացումը կարգավորելու կարևորությունը»:
Երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները քննարկել են նաև ՆԱՏՕ-ի արտգործնախարարների առաջիկա հանդիպմանն առնչվող հարցեր: Հավաքի օրակարգում Ուկրաինայի պատերազմն է լինելու: