Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել մի օրինագծի, որով նախատեսվում է բռնագրավել պատժամիջոցների տակ գտնվող ռուսական որոշ գույք՝ այն վաճառելու և Ուկրաինային լրացուցիչ օգնություն ցուցաբերելու համար։
Նախագիծը պաշտպանել են 417 կոնգրեսականներ, դեմ են քվեարկել 8-ը:
Ըստ այդ նախաձեռնության՝ ԱՄՆ նախագահը պետք է «ձեռնարկի Սահմանադրությամբ նախատեսված բոլոր քայլերը՝ կալանքի տակ առնելու և բռնագանձելու ԱՄՆ-ի իրավասության տակ գտնվող օտարերկրացիների ակտիվները, որոնց միջոցները մասամբ ձեռք են բերվել կոռուպցիայի միջոցով»:
Օրինագիծը վերաբերում է նաև այն ակտիվներին, որոնք սեփականատերերը ձեռք են բերել Ռուսաստանի Դաշնության ղեկավարներին աջակցություն տրամադրելու շնորհիվ:
Փաստաթղթում պարզաբանվում է, որ այդ միջոցները պետք է ձեռնարկվեն 2 միլիոն դոլար և ավելի արժեք ունեցող ակտիվների նկատմամբ, այդ թվում՝ ռուսական էներգետիկ ընկերություններին պատկանող։
Օրինագծի համաձայն՝ ԱՄՆ-ը պետք է ստեղծի միջգերատեսչական խումբ՝ պետքարտուղարի գլխավորությամբ, որը կորոշի փաստաթուղթը կյանքի կոչելու սահմանադրական մեխանիզմները։