Ալեքսեյ Կուդրին. «Առաջիկա 1,5-2 տարում Ռուսաստանը շատ բարդ վիճակում կլինի»

Ռուսաստանի Դաշնության Հաշվիչ պալատի նախագահ Ալեքսեյ Կուդրին, արխիվ

Ռուսաստանի Հաշվիչ պալատի նախագահ Ալեքսեյ Կուդրինի փոխանցմամբ՝ առաջիկա մեկուկես-երկու տարիների ընթացքում Դաշնությունը շատ բարդ վիճակում կլինի: Այդ մասին Կուդրինն ասել է այսօր Սանկտ Պետերբուրգում գումարված Օրենսդիրների խորհրդի նիստում:

Նրա փոխանցմամբ, սղաճը 2022 թվականին կկազմի ավելի քան 20 տոկոս, իսկ 2023-ին՝ ավելի քան 6 տոկոս:

Արևմտյան պատժամիջոցների պայմաններում տնտեսությանը սատարելու համար արդեն այս տարվա ընթացքում կպահանջվի ավելի քան 6 տրիլիոն ռուբլի: Տնտեսական անկումը կհասնի գրեթե 9 տոկոսի:

Սղաճի հիմնական պատճառն Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակման կապակցությամբ Արևմուտքի կողմից սահմանված սանկցիաների ազդեցությունն է:

Այս տարվա մարտի սկզբին Ռուսաստանի Կենտրոնական բանկը հարցում է անցկացրել վերլուծաբանների շրջանում: Դրա արդյունքների համաձայն՝ Ռուսաստանի համախառն ներքին արդյունքը 2022-ին կնվազի 8 տոոկոսով, իսկ տնտեսության աճը 2023-ին կկազմի 1 տոկոս: