Հատկապես հետպատերազմական ժամանակաշրջանում Ադրբեջանը, Վրաստանը և Հայաստանը լավ հնարավորություններ ունեն եռակողմ ձևաչափով փոխգործակցության համար, և ադրբեջանական կողմը պատրաստ է դրան։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլիի հետ Բաքվում տեղի ունեցած հանդիպմանը։
Ալիևի խոսքով՝ «Վրաստանը կիսում է այդ դիրքորոշումը»՝ հույս հայտնելով, որ «Հայաստանը կհասկանա, որ դա տարածաշրջանում կայունության և անվտանգության հաստատման միակ ճանապարհն է»։
Օրերս Շուշիում Ալիևը հայտարարեց, որ «եթե Հայաստանը խաղաղության պայմանագիր չստորագրի և չճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, մենք էլ պաշտոնապես կհրաժարվենք ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը»՝ շեշտելով՝ «սա Հայաստանի վերջին հնարավորությունն է»:
Ավելի վաղ Ադրբեջանը առաջարկել է ճանաչել միմյանց ամբողջականությունը, իրար տարածքային պահանջներ չներկայացնել, սահմանազատում իրականացնել, դիվանագիտական հարաբերություններ հաստատել ու բացել տրանսպորտային ուղիները։ Պաշտոնական Երևանն ընդունելի է համարել Բաքվի հինգ սկզբունքները, բայց նաև հայտարարել, որ Ադրբեջանի հինգ առաջարկները լրացրել են Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին հարցով։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Հայաստանի վզին են փաթաթում խաղաղության պայմանագիր, որը Արցախի համար մահվան դատավճռին է համարժեք»․ ԼՂ ԱԺ փոխխոսնակ