«Հայաստան ոտքի», «Արցախ ոտքի» կոչերով ընդդիմությունը շարունակում է իշխանությունների հրաժարականի պահանջով երեկվանից սկսած փողոցային պայքարը, մարզերից քայլերթեր են անում, Երևանում փողոցներ, կամուրջներ փակում, պետական շենքերի առջև ակցիաներ անում։
Երևանում բողոքի գործողություններն այսօր մեկնարկեցին մի խումբ երիտասարդների երթով, ցուցարարները Լեռնային Ղարաբաղի դրոշը պարզած շրջում էին բուհերով՝ ուսանողներին կոչ անելով իրենց միանալ։
«Ես վստահ եմ, որ այն պրոցեսը, որ սկսվել է համընդհանուր ընդդիմության կողմից հասնելու է հաջողության և վերջիվերջո թուրքահպատակ իշխանություններին ասելու ենք, որ հայը պատրաստ չի ապրել առանց Արցախ, հայը պատրաստ չի կզել թուրքի դիմաց», - հայտարարեց ընդդիմադիրներից մեկը:
Լեռնային Ղարաբաղի հարցում իշխանություններին անհարկի զիջումների համար մեղադրող ընդդիմադիրները պնդում են՝ Հայաստանն այժմ կանգնած է ոչ միայն նոր զիջումների, այլև պետականության կորստի վտանգի առջև։
«Այս իշխանությունները արդեն ապացուցել են, որ իրենք ընդունակ չեն ապահովել հայի անվտանգությունը, հայ ժողովրդի անվտանգությունը, Հայաստանի սուվերեն տարածքն անգամ ունակ չեն պաշտպանելու», - ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:
Երիտասարդները քայլերթով հասան կառավարության շենք, ասացին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին այսպես կոչված «նվեր» են ուզում հանձնել. «Ինքը այլ ելք չունի, ինքը դատվելու է: Քանի որ շուտով ինքը հայտնվելու է ճաղերի հետևում, մենք որպես բարի կամքի դրսևորում այսօր բերել ենք կառավարության դիմաց իրան փոխանցելու առաջին անհրաժեշտության պարագաներ, որոնք ինքը կօգտագործի կալանավայրում»:
Իրերը կառավարության աստիճաններին դնել ոստիկանները, սակայն, թույլ չտվեցին, ոստիկանությունը երկու ցուցարարի բերման ենթարկեց։
Այսօր տարբեր ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել տասը անձ։ Ոստիկանությունից փոխանցեցին՝ բերման ենթարկվածները երեք ժամ անց ազատ են արձակվում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ընդդիմությունը փողոցային ակցիաներ է սկսում՝ գործող իշխանություններին հեռացնելու նպատակովԵրևանյան ակցիաներին զուգահեռ շարունակվում են նաև քայլերթերը մարզերից։ Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը մի խումբ քաղաքացիների հետ այսօր Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղից է գալիս Երևան:
«Նիկոլ Փաշինյանը չի էլ թաքցրել, ասելով, որ Հայաստանի Հանրապետությունում կան տարածքներ, որոնք ադրբեջանական են: Եվ որպես իր խոսքի շարունակություն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն էլ ասում են, որ ադրբեջանական անկլավներ կան Հայաստանում և վաղ թե ուշ պետք է դրվի այդ հարցը՝ փոխանակման կամ հանձնման, և Տիգրանաշենն այդ համայնքներից մեկն է: Տիգրանաշենը հայկական գյուղ է, այն մշտապես հայկական է լինելու», - հայտարարեց Գրիգորյանը:
Ընդդիմադիրների մի խումբ էլ երեկվանից դեպի մայրաքաղաք ճամփան է բռնել Տավուշի մարզից, նման երթեր են անցկացվելու այլ մարզերից ևս:
«Մինչ մայիսի 1-ը 4 ուղղություններից քայլերթ կիրականացնենք, և համախմբելով տարբեր մարզերի բնակիչներին՝ մենք կշարժվենք դեպի Երևան: Մայիսի 1-ից հետո, այո, մենք մեր հայրենակիցներին Հայաստանի տարբեր հատվածներից, ասում ենք, եկեք միասին ոտքի կանգնենք, պայքարենք», - նշեց Աննա Գրիգորյանը:
Ընդդիմությունն այժմ չի մասնակցում խորհրդարանի աշխատանքներին։ Վարչապետի նախկին թիմակից Աննա Գրիգորյանն ընդգծում է՝ պատգամավորական մանդատները վայր դնելու հարց այժմ չեն քննարկում. «X պահին միգուցե անհրաժեշտություն լինի խորհրդարանում վերջնական հանգուցալուծմանը հասնել, միայն դրա համար է, որ մենք պահում ենք մեր մանդատները»:
Երևանի Ազատության հրապարակում էլ 10 օր առաջ սկսած նստացույցն է շարունակում ԱԺ-ի ընդդիմադիր մյուս՝ «Պատիվ ունեմ » խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։ ԱԱԾ նախկին տնօրենը նույնպես հայտարարել է իշխանությունների դեմ պայքարի ավելի ակտիվ փուլ սկսելու մասին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ընդդիմությունը հայտարարում է պայքարի նոր փուլի մասին. ապրիլի 25-ից բողոքի ապակենտրոն ակցիաներ են լինելու
Your browser doesn’t support HTML5