«Այսօր մենք իրապես նոր էջ ենք բացում հայ-հնդկական տնտեսական համագործակցության պատմության մեջ, և թույլ տվեք ասել՝ վերականգնում ենք մեր ժողովուրդների միջև առևտրի, զարգացման և բարգավաճման հիանալի ավանդույթները», - Նյու Դելիում՝ հայ-հնդկական գործարար համաժողովի բացմանն այսօր ասել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
Տարիների ընթացքում Հնդկաստանը դարձել է Հայաստանի կարևոր տնտեսական գործընկերը, նշել է Միրզոյանը՝ շեշտելով՝ կա չօգտագործված հսկայական ներուժ, որի իրացման համար պետք է աշխատել միասին։
Ընդգծելով, որՀնդկաստանն անվանական ՀՆԱ-ով աշխարհի վեցերորդ երկիրն է և խոշոր տերությունների մեջ ամենաարագ զարգացող տնտեսությունը՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նկատել է՝ հայ գործարարների, տեխնոլոգների և սկսնակ ձեռներեցների համար կարող է դառնալ անսահմանափակ հնարավորությունների երկիր:
«Հայաստանն, իր հերթին, գտնվելով Եվրոպայի և Ասիայի խաչմերուկում, շատ բան ունի առաջարկելու Հնդկաստանին։ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը՝ 180 մլն բնակչությամբ և շուրջ 200 տրլն ԱՄՆ դոլար ՀՆԱ-ով, Եվրամիության հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, ինչպես նաև ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Կանադայի, Նորվեգիայի և Շվեյցարիայի հետ «GSP» առևտրային ռեժիմը շոշափելի առավելություններ են Հայաստանի ներդրումային գրավչության և օտարերկրյա գործընկերների հետ արդյունավետ համագործակցության համար», - ասել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանի ու Հնդկաստանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային ու միջազգային անվտանգային հարցեր