Ուրուգվայում Թուրքիայի դեսպանատան առջև հայ համայնքի ներկայացուցիչներին ուղղված Թուրքիայի ԱԳ նախարարի ազգայնական ժեստը պաշտոնական Երևանը դատապարտեց խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի մակարդակով։
«Ազգայնական ժեստի ցուցադրումը դատապարտելի է և «ոչ մի կերպ չի նպաստում երկու ժողովուրդների միջև փոխըմբռնման մթնոլորտի և երկխոսության ձևավորմանը», - Ֆեյսբուքում գրել է Էդուրարդ Աղաջանյանը՝ ավելացնելով, որ ողջունում են Թուրքիայի դեսպանին անհապաղ Ուրուգվայի արտգործնախարարություն՝ բացատրության հրավիրելու Մոնտեվիդեոյի որոշումը:
Բացի այդ Ուրուգվայի արտգործնախարար Ֆրանսիսկո Բութիլլոնը, ապրիլի 24-ին ելույթ ունենալով ցեղասպանության տարելիցի միջոցառմանը, դատապարտել է իր թուրք գործընկերոջ գործողությունը, հիշեցրել, որ Ուրուգվայը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուրուգվայի ԱԳ նախարարը դատապարտել է թուրք պաշտոնակցի ժեստըՀայաստանի արտգործնախարարն այսօր Հնդկաստանում է, Չավուշօղլուի ազգայնական ժեստի ցուցադրմանը Միրզոյանի մակարդակով արձագանք չի եղել։ Մինչ այդ, իշխող խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի կարծիքով, այս շրջանում կարևոր է պահպանել նյարդերի ամրությունը։
«Այդ նշանը և այդ գործողությունը միանշանակ դատապարտելի է և անընդունելի: Բայց ես կարծում եմ՝ մյուս կողմից մենք պիտի կարողանանք այս գործընթացին նայել երկարաժամկետ հեռանկարում՝ հնարավորինս ցուցաբերելով նյարդերի ամրություն և սառնասրտություն և հաշվի առնելով մեր պետական շահը: Բնականաբար, որտեղ որ կարիք կա արձանագրելու, անընդունելի գործողությունները մենք կարձանագրենք և կկոմունիկացնենք, բայց մյուս կողմից մենք նաև պետք է ինքներս մեծ պատասխանատվությամբ վերաբերվենք այն գործընթացներին, որոնց մեջ ինքներս ներգրավված ենք որպես պետություն», - ասաց Կոնջորյանը:
Ապրիլի 23-ին, երբ Ուրուգվայում էր Թուրքիայի արտգործնախարարը, հայ համայնքի ներկայացուցիչները հավաքվել էին Թուրքիայի դեսպանատան առջև իրենց բողոքը հայտնելու ցեղասպանության հիշատակի օրվա նախօրեին Չավուշօղլուի՝ Մոնտեվիդեո այցի կապակցությամբ։ Մեքենայի պատուհանից ի պատասխան հայ ցուցարարների վանկարկումների՝ Թուրքիայի արտգործնախարարը ցույց էր տվել հայտնի ժեստը, որը եվրոպական մի շարք երկրներում արգելված, թուրքական ազգայնական «գորշ գայլեր» կազմակերպության նշանն է:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ապրիլի 24-ի նախօրեին Չավուշօղլուի այցը Ուրուգվայ հարուցել է հայ համայնքի դժգոհությունը«Դա ամենածայրահեղ թուրքական ազգայնականության նեոֆաշիստական, համարյա նացիստական դրսևորում է», - ասաց Քաղաքական մեկնաբան Ռիչարդ Կիրակոսյանը։
Հայաստանում փորձագետների կարծքիով՝ Չավուշօղլուի արածը չի կարող բացասաբար չազդել հայ-թուրքական երկխոսության գործընթացի վրա։
«Սա ևս մի օրինակ է, թե ինչպես է Թուրքիան վնասում իր իսկ հեղինակությունը, միևնույն ժամանակ սա ոչ բարի կամքի դրսևորման ևս մի ժեստ է, ինչը նշանակում է, որ Թուրքիան ներգրավել է, այսպես ասած, մթնոլորտի փոփոխության գործում՝ ստեղծելով մի միջավայր, որը հարաբերությունների նորմալացման համար պակաս նպաստավոր է», - նշեց Ռիչարդ Կիրակոսյանը:
Քաղաքական մեկնաբանի կարծիքով՝ Թուրքիայի հաջորդ անբարենպաստ ժեստը կամ գործողությունը Թուրքիայի իշխանությունների արգելքն էր՝ Ստամբուլում անցկացնելու Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում, որը վերջին 2 տարիներին չէր իրականացվել քովիդի պատճառով, իսկ մինչ այդ 2010 թվականից ի վեր ամեն տարի անցկացվել էր։
«Հիշատակի միջոցառումները երկար տարիներ Ստամբուլում անցկացվում էին, հետևաբար կարծում եմ արգելելը շատ բացասական քայլ և ցուցադրություն է», - ընդգծեց քաղաքական մեկնաբանը։
Ե՛վ Ռիչարդ Կիրակոսյանի, և՛ թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի կարծիքով՝ Չավուշօղլուն «գորշ գայլերի» ժեստն արել է ինքնաբուխ, առանց հատուկ պլանավորման, սակայն դա էական չէ, քանի որ խոսքը ոչ թե մի սովորական, շարքային քաղաքացու, այլ երկրի արտգործնախարարի մասին է։
«Եթե Թուրքիայի ղեկավարներից մեկն իրեն թույլ է տալիս նման գործողություն, ապա նշանակում է՝ ինքն իրեն նույնացնում է այդ կազմակերպության հետ, որը արգելված է Եվրոպական մի շարք կարևոր երկրներում: Սրան ոչ միայն մեր կողմից պետք է արձագանք լինի, դա միայն մեզ չի վերաբերում, դա կարևոր նշանակում ունի ընդհանրապես աշխարհում ռասիզմի քարոզը հնարավորինս սահմանափակելու առումով», - ասաց Ռուբեն Սաֆրաստյանը:
Սաֆրաստյանն ակնկալում է, որ հայ և թուրք բանագնացների առաջիկա՝ Վիեննայում նախատեսված հանդիպմանը Հայաստանի ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը կանդրադառնա տեղի ունեցածին և կդատապարտի Չավուշօղլուի արարքը։ Միևնույն ժամանակ թուրքագետը վստահ է, որ հայ -թուրքական կարգավորման այս նոր գործընթացը չի կասեցվի վերջին միջադեպի պատճառով։
Հայ և թուրք բանագնացների երրորդ հանդիպմանը օրը դեռ հայտնի չէ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացների երրորդ հանդիպումը կկայանա Վիեննայում. Չավուշօղլու
Your browser doesn’t support HTML5