Ուկրաինան Ռուսաստանին առաջարկում է Մարիուպոլում հաստատել «Զատկի հրադադար»: Ուղղափառները Ռուսաստանում և Ուկրաինայում այսօր նշում են Փրկչի Հարությունը՝ Սուրբ Զատիկը:
Կիևն առաջարկում է քրիստոնեական համերաշխության կանոններով գոնե տոնական օրը դադարեցնել կրակը և Մարիուպոլում գտնվող «Ազովստալ» գործարանի տարածքից մարդասիրական միջանցքով դուրս հանել խաղաղ բնակիչներին ու դիմադրությունը շարունակող ուկրաինացի զինծառայողներին:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու աշխատակազմի ղեկավար Միխայիլ Պոդոլյակը սոցցանցում գրել է, թե առաջարկում է Ռուսաստանի Դաշնությանը «մտածել հեղինակության վերջին փշրանքների մասին»:
Դրա համար, ըստ Պոդոլյակի, անհրաժեշտ է անել «մարիուպոլյան երեք քայլ»՝ հռչակել «Զատկի հրադարար», բացել մարդասիրական միջանցք, համաձայնել անցկացնել բանակցություններ, որոնք միջոցով կողմերը կփոխանակեն գերիներին:
«Ազովստալ» գործարանը Մարիուպոլում զբաղեցնում է հսկայական տարածք, այդ համալիրի բազմաթիվ լավ ամրացված ստորգետնյա նկուղներում և թաքստոցներում պատսպարվել են ուկրաինական բվանակի և «Ազով» գնդի մեծ թվով զինծառայողներ, ովքեր մերժում են զենքը վայր դնելու պահանջը: Համալիրում կան նաև խաղաղ բնակիչներ:
Ռուսական կողմը պնդում է, որ ուկրաինացիները կարող են միայն հանձնվել, ինչի դեպքում նրանց նկատմամբ կլինի մարդասիրական վերաբերմունք, և վիրավորներն ու հիվանդները բուժօգնություն կստանան: