Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է:
Բազմահազար մարդիկ՝ Հայաստանից, Լեռնային Ղարաբաղից, Սփյուռքից, օտարերկրյա հյուրեր այսօր Երևանում այցելում են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցում 20-րդ դարի սկզբին Ցեղասպանության զոհ դարձած ավելի քան մեկուկես միլիոն հայերի հիշատակին:
Եղեռնի 107-րդ տարելիցի կապակցությամբ հղած իր ուղերձում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշում է, որ պատմական փաստերի, ցեղասպանությունների և ոճրագործությունների հերքումը, խեղաթյուրումը, ճշմարտությանը չառերեսվելը, միջազգային հանրության թողտվությունը ծնում է նոր դաժանություններ և հանցագործություններ:
Հայաստանը շարունակելու է ակտիվորեն նպաստել ցեղասպանությունների, մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելմանն ուղղված միջազգային հանրության ջանքերին, էթնիկ, կրոնական և ռասայական հողի վրա խտրականության և անհանդուրժողականության դրսևորումների դեմ պայքարին, ընդգծել է վարչապետ Փաշինյանը` հավելելով, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման օրակարգը պիտի ծառայի Հայաստանի անվտանգության երաշխիքների համակարգի ամրապնդմանը:
«Այս օրակարգը կառավարությունը ծառայեցնելու է ոչ թե տարածաշրջանային լարվածության աճին, այլ ընդհակառակը՝ տարածաշրջանի լիցքաթափման նպատակին», - ասվում է նրա ուղերձում:
«Մեծ Եղեռնը հայ ժողովրդի պատմության ամենաողբերգական էջն է: Եվ այն մեզ համար ոչ միայն մեր անմեղ նահատակների հիշատակը խնկարկելու, նրանց առաջ գլուխ խոնարհելու, այլև մեր պատմության՝ անցյալի, ներկայի և ապագայի մասին մտածելու առիթ է: Այն մեզ համար առիթ է արձանագրելու, որ հայ ժողովուրդը սեփական ճակատագրի տնօրինման ավելի ու ավելի մեծ հնարավորություններ ու լծակներ պիտի ունենա, պիտի կարողանա սեփական ճակատագիրն ուրիշների որոշումների տիրույթից սեփական որոշումների տիրույթ տեղափոխել:
Նման իրավիճակի ամենագործուն արտահայտումը անկախ պետականությունն է, իր բոլոր ինստիտուտների առավելագույն կայացվածությամբ, որոշումների կայացման ընդունակություններով ու մեխանիզմներով: Այս գիտակցումն է մեզ հանգեցրել մեր ժողովրդի ու տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու օրակարգին, որովհետև սեփական անվտանգության ապահովման ամենաարդյունավետ գործիքը կայացած պետականությունն է և խաղաղությունը: Ու մենք պիտի գնանք այս ճանապարհով», - նշել է Հայաստանի ղեկավարը:
Ապա նա հավելել է, որ նաև այս է պատճառը, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը միտված բանակցություններ են վարում` հույս հայտնելով, որ թուրքական կողմի ձգտումներն անկեղծ են, և կկարողանան այս ուղղությամբ շարժվել առաջ:
«Միաժամանակ, այսօրվա մեր խնդիրն է՝ համայն հայության ներուժի իրացմամբ կառուցել արժանապատիվ և կայացած ժողովրդավարական պետություն», - նկատել է նա:
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն, իր հերթին, շեշտել է. «Մեծ Եղեռնից ավելի քան հարյուր տարի հետո էլ մենք կրկին կանգնած ենք լրջագույն մարտահրավերների առջև, կրկին ստիպված ենք պայքարել հանուն ազգային ու համամարդկային արժեքների, մարդու հիմնարար իրավունքների ու ազատությունների պաշտպանության, հանուն սեփական հողում ազատ ու անկախ ապրելու մեր բնական իրավունքի լիարժեք իրացման»:
Նա իր ուղերձում նշել է, որ ամբողջ աշխարհի աչքի առջև այսօր Ադրբեջանը շարունակում է բացահայտ կերպով Արցախի ժողովրդի հանդեպ իրականացնել «հայատյաց ու ռազմատենչ քաղաքականություն՝ կոպտորեն խախտելով ու ոտնահարելով համընդհանուր ընդունված ու ճանաչված միջազգային իրավունքի բոլոր նորմերն ու սկզբունքները»:
Հարությունյանն ընդգծել է, որ աշխարհի առաջադեմ մարդկությունը պետք է կանգնի Արցախի խաղաղ բնակչության կողքին, որը հաստատակամ է իր որոշման մեջ՝ «ապրել և արարել իր նախնիների հողում»:
Եթե Հայոց ցեղասպանությունը ժամանակին դատապարտվեր, ապա կկանխարգելվեին հետագա ցեղասպանությունները, համոզմունք է հայտնում Հայաստանի նախագահ Վահագն Խաչատրյանը:
«Հենց այդ պատճառով է Հայաստանի Հանրապետությունը միջազգային ասպարեզում հետևողական պայքար մղում ցեղասպանության հանցագործության դատապարտման և կանխարգելման ուղղությամբ: Մենք գիտակցում ենք, որ մեր նահատակված հայրենակիցների հիշատակին հարգանքի տուրք մատուցելու լավագույն ձևը հզոր և ժողովրդավար Հայաստանի կայացումն է, մեր ժողովրդի բարօր կյանքի, մեր երկրի սահմանների ամրության ու անվտանգության ապահովումն է, Հայաստանի միջազգային հեղինակության ամրապնդումն է», - ասված է նախագահի ապրիլքսանչորսյան ուղերձում:
«Ցավոք, ցեղասպանության ճանաչումն ու սեփական պատմության ամոթալի էջերի տարատեսակ խմբագրումները շարունակում են մնալ ժամանակակից Թուրքիայի ժխտողական քաղաքականության հիմքում: Մեկ անգամ չէ, որ համոզվել ենք՝ հանցագործության ժխտումը նոր հանցագործության երաշխիքն է», - նշել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր ուղերձում:
44-օրյա պատերազմից հետո եղած մարտահրավերների մասին իր ուղերձում խոսել է նաև Ամենայն Հայոց կաթողիկոսը:
«Մեր սուրբ նահատակների հիշատակի առջև նվիրական մեր պարտքն է համախմբվել և պաշտպանել արցախահայ մեր ժողովրդի ազատ ու անկախ ապրելու իրավունքը, Հայաստան ու Արցախ մեր աշխարհի անվտանգությունը, կանխել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական հոգևոր-մշակութային ժառանգության բարբարոսաբար ոչնչացումը, որ չկրկնվի Նախիջևանում իրագործված մշակութային եղեռնը», - նշել է Գարեգին Երկրորդը:
Օսմանյան Թուրքիայում հայերի դեմ իրականացված ցեղասպանության 107-րդ տարելիցին ընդառաջ` երեկ Հայաստանում, Արցախում ջահերով երթեր ընթացան:
Նախորդ տարի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ապրիլի 24-ին` առաջին անգամ ԱՄՆ պատմության մեջ, նախագահական ուղերձով ճանաչեց մեկուկես միլիոն հայերի ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում: Մինչ այդ Ցեղասպանությունն արդեն ճանաչել էին ամերիկյան Կոնգրեսի զույգ պալատները:
Հայոց ցեղասպանությունը ճանաչել են շուրջ երեք տասնյակ պետություններ և միջազգային կառույցներ։