Մատչելիության հղումներ

Վաղը երեկոյան Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում կենդանի կատարմամբ կհնչի Մոցարտի «Ռեքվիեմը»


Հայոց Ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի և մենակատարների մասնակցությամբ, առաջիկա երկու օրերին կիրականացնեն մի մեծ նախագիծ «Ի նվիրումն հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին»։

Վաղը՝ ապրիլի 23-ի ուշ երեկոյան Ծիծեռնակաբերդում Մեծ Եղեռնին նվիրված հուշահամալիրում կհնչի Մոցարտի «Ռեքվիեմը» ավստրիացի անվանի դիրիժոր Գյունտեր Նոյհոլդի ղեկավարությամբ՝ նվիրված Մեծ Եղեռնի 1,5 միլիոն զոհերի հիշատակին։

Այսօր փորձից առաջ «Ազատության» հետ զրույցի ընթացքում ավստրիացի դիրիժորն ասաց, որ սա իր առաջին այցելությունն է Հայաստան և սիրով է ընդունել Ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդվարդ Թոփչյանի հրավերը՝ ղեկավարելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված այս համերգը։ Ասում էր, որ դասական երաժշտությունը մեծ դեր ունի այսօր համաշխարհային հանրության կյանքում, բայց, ցավոք, արվեստագետները չեն կարողանում կանխագելել բռնություններն ու պատերազմները, նրանք կարող են միայն ներկայացնել համամարդկային արժեքները երաժշտության միջոցով՝ մեղմելու մարդկանց հոգեկան ցավերն ու չսպիացող վերքերը։

Իսկ ապրիլի 24-ի երեկոյան Մոցարտի «Ռեքվիեմը», կրկին Գյունտեր Նոյհոլդի ղեկավարությամբ, կհնչի նաև Արամ Խաչատրյան համերգասրահում։ Բոլոր ժամանակների այս ազդեցիկ հոգեհանգստյան մեսսայի մենակատարներն են աշխարհահռչակ օպերային երգչուհի Աննա Սամուիլը, անվանի բաս Թոբիաս Բերդտը, մեցցո-սոպրանո Սոֆյա Թումանյանն ու տենոր Տիգրան Մելքոնյանը։

Ինչպես հիշեցնում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն Նորայր Նազարյանը, անցյալ տարի այս օրերին Եղեռնի զոհերի հիշատակին Վերդիի «Ռեքվիեմն» են կատարել։

Այս տարի նույն օրերին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդվարդ Թոփչյանն է հրավիրվել Կանադա՝ ղեկավարելու Հայոց Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված համերգը։

«Մեզ մոտ հետաքրքիր ծրագիր է ստացվում։ Մաեստրո Էդվարդ Թոփչյանը նույն ժամանակահատվածում, այսինքն՝ ամսի 23-ի երեկոյան կղեկավարի Կանադայում Օնտարիոյի ֆիլհարմոնիկ նվագախումբը, որտեղ կհնչի նաև հայ կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանի ստեղծագործությունը։ Կոմպոզիտորը նույնպես մեկնել է մաեստրո Թոփչյանի հետ Կանադա։ Այնտեղ կհնչի Շարաֆյանի ստեղծագործությունը նվիրված Մեծ Եղեռնին։ Մենք չեն մոռանում, դատապարտում ենք 107 տարի առաջ տեղի ունեցածը, և կարծում եմ, սա ևս մեկ առիթ է, որ մենք կարողանանք մեր հարգանքի տուրքը մատուցել մեր սրբադասված նահատակների հիշատակին», - «Ազատության» հետ զրույցում ասաց Նազարյանը։

Ուշագրավ է, որ վաղը Կանադայում կայանալիք համերգի ընթացքում տեղի կունենա նաև Վաչե Շարաֆյանի «Անապատի հարսը» բալետային սյուիտի համաշխարհային պրեմիերան՝ Էդվարդ Թոփչյանի ղեկավարությամբ։ Այս երաժշտական ստեղծագործության հիմքում ընկած պատմությունը վերցված է ամերիկահայ բանաստեղծուհի Սոնա Վանի ինքնակենսագրական պոեմներից և ներկայացնում է Օսմանյան Թուրքիայում բնակվող և 1915 թվականին Հայոց ցեղասպանության արհավիրքներով անցած մի հայ ընտանիքի ճակատագիրը։ Երաժշտական այս ստեղծագործությունը կարող է ընկալվել իբրև հայ ազգի մարդասիրական ուղերձ համայն աշխարհին՝ դատապարտելու, կանխարգելելու ցեղասպանությունը և համախմբելու մարդկային ջանքերը ու ընդմիշտ կասեցնելու մարդկության պատմության մեջ ողբերգականորեն տեղ գտած նման սարսափելի երևույթները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG