Այսօր հեռախոսազրույց են ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Ի թիվս այլ հարցերի, կողմերն անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղում անվտանգության ապահովմանը:
«Անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղում կայունության և անվտանգության ապահովման թեմային, այդ թվում՝ հաշվի առնելով վերջերս Վլադիմիր Պուտինի և Շառլ Միշելի շփումները Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ»,- հաղորդում է Կրեմլի մամլո ծառայությունը։
Հաղորդագրությունում նաև ասվում է․ «Վերահաստատվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ին, հունվարի 11-ին և 2021 թվականի նոյեմբերի 26-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև եռակողմ համաձայնագրերի հետևողական իրականացման հիմնարար կարևորությունը։ Այս համատեքստում Ռուսաստանի նախագահը տեղեկացրել է տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման ծրագրերի իրականացման, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների մեկնարկի ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին»։
Եվրոպական խորհրդի նախագահի գրասենյակը հեռախոսազրույցի մասին մանրամասներ առայժմ չի հաղորդում:
Պաշտոնական Մոսկվան նախօրեին հայտարարել է, թե Բրյուսելը ուզում է Ռուսաստանից խլել միջնորդությունը հայ-ադրբեջանական հաշտեցման գործընթացում։