Պենտագոնը հայտարարել է անօդաչու թռչող սարքեր Ուկրաինա ուղարկելու մասին

Հինգշաբթի օրը Պենտագոնը հայտարարել է, որ Ուկրաինա է ուղարկում անօդաչու թռչող սարքեր, որոնք ամերիկյան ընկերության կողմից արտադրվել են ուկրաինական բանակի պահանջները հաշվի առնելով։

Խոսքը 121 անօդաչու թռչող սարքերի մասին է, որոնք Ուկրաինա կուղարկվեն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից հայտարարված ամերիկյան օգնության փաթեթի շրջանակներում։

Նոր անօդաչու թռչող սարքի մասին մանրամասն տեղեկություններ չկան, սակայն հայտնի է, որ այն հիմնված է գոյություն ունեցող Switchblade կամիկաձե անօդաչու սարքի վրա, որը մխրճվում է թիրախի մեջ՝ պայթեցնելով անօդաչու սարքի լիցքը։ Դրանք կարելի է տեղափոխել ուսապարկով և կիրառել ցանկացած միջավայրում:

Ուկրաինայի համար ստեղծված տարբերակը, ըստ ամերիկացի անկախ փորձագետների, նախատեսված է զրահափոխադրիչներ ոչնչացնելու համար, այն կարող է կիրառվել նաև գիշերային ժամերին, օդում կարող է մնալ ավելի քան վեց ժամ։