Ռուսաստանը նախօրեին փորձարկել է «Սարմատ» տեսակի նոր միջմայրցամաքային հրթիռ, որը կարող է միջուկային մարտագլխիկներ կրել: Սա այդ տեսակի հրթիռների երկրորդ փորձարկումն է:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսաստանը նոր միջմայրցամաքային հրթիռ է փորձարկելՎերլուծաբանների փոխանցմամբ, «Սարմատ»-ի բուն փորձարկումն Արևմուտքի համար անակնկալ չէ, և այստեղ կարևորը դրա համար ընտրված ժամանակն է: Երկու ամիս շարունակվող ռուս - ուկրաինական պատերազմի համատեքստում փորձարկումը դիտվում է որպես հզոր ռազմական կարողության ցուցադրում և նախազգուշացում Արևմուտքին:
«Այս նոր համալիրն ունի բացառիկ տակտիկական և տեխնիկական որակներ և ի զորու է հաղթահարել ամենաարդիական հակաօդային պաշտպանությունը: Աշխարհում նման համակարգեր չկան և դեռ երկար ժամանակ չեն լինի», - ասել է նախագահ Վլադիմիր Պուտինը:
Նրա խոսքով՝ «Սարմատ»-ի գոյությունը հզորացնում է Զինված ուժերի մարտական կարողությունը, երաշխավորում է Ռուսաստանի անվտանգությունն արտաքին սպառնալիքից և «մտածելու տեղիք է տալիս նրանց, ովքեր կատաղի ագրեսիվ հռետորաբանությամբ սպառնում են Ռուսաստանին»:
«Ռոսկոսմոս»-ի ղեկավար Դմիտրի Ռոգոզինն ասել է, որ «Սարմատ»-ի փորձարկումների ավարտից հետո բանակն այս տարվա աշնան ամիսներից կստանա այդ հրթիռները:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ջեն Սաքի. «Ռուսական նոր հրթիռը չի ազդի Ուկրաինայի հարցում Միացյալ Նահանգների դիրքորոշման վրա»