Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այսօր նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ «ազգայնական «Ազով»-ի մայրաքաղաք» Մարիուպոլը վերցվել է վերահսկողության տակ՝ բացառությամբ «Ազովստալ» ձեռնարկության տարածքի։ «Ուկրաինացի մարտիկներն ու օտարերկրյա վարձկաններն» այնտեղ «ապահով փակված են», - հավելել է Շոյգուն։
Պուտինը Մարիուպոլում «մարտական աշխատանքը» «հաջող» է անվանել և խնդրել է պարգևատրման ներկայացնել ռուս զինվորականներին։ Նա հայտարարել է, որ նպատակահարմար չի համարում «Ազովստալ»-ի գրոհը և հրամայում է չեղարկել այն։ Չարժե «Ազովստալ»-ի նկուղներ և թաքստոցներ ուղարկելով ռուսաստանցի զինծառայողներին՝ վտանգել նրանց կյանքը, ասել է ՌԴ նախագահը և հրահանգել․ - «Այդ արդյունաբերական գոտին այնպես արգելափակեք, որ ճանճը չանցնի»։
Գործարանի հսկայական համալիրի տարածքում մնացել են ավելի քան 2 հազար ուկրաինացիներ, ովքեր մերժում են զենքը վայր դնելու առաջարկը:
Պուտինը հավաստիացրել է, թե հանձնվողների նկատմամբ մարդասիրական վերաբերմունք կլինի, իսկ վիրավորները բուժօգնություն կստանան:
Մարիուպոլը ռուսական ուժերի թիրախ է դարձել այս պատերազմի, կամ ինչպես Մոսկվան է որակում՝ «ռազմական հատուկ օպերացիայի» առաջին օրվանից՝ փետրվարի 24-ից: «Ազովստալ» ձեռնարկությունը զբաղեցնում է 11 քառակուսի կիլոմետր տարածք, այն կարծես քաղաք է քաղաքի մեջ՝ ստորգետնյա հաղորդակցությունների զարգացած համակարգով, ներառյալ ապաստարաններ:
Այսօր ավելի վաղ Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը հայտնել էր, որ նախօրեին փախստականներով ընդամենը չորս ավտոբուս է կարողացել լքել Մարիուպոլը, թեև նախատեսվում էր մի քանի տասնյակ։ Այսօր տարհանումը քաղաքից, որտեղ մնացել է մոտավորապես 120 հազար խաղաղ բնակիչ, կարող է շարունակվել, եթե «իրավիճակը թույլ տա», - ասել էր Վերեշչուկը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կողմերին հաջողվել է պայմանավորվել Մարիուպոլից հումանիտար միջանցքի շուրջ ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հնարավոր է` մեզ հաշված օրեր են մնացել, եթե ոչ ժամեր․ Մարիուպոլում շրջափակված ուկրաինացիների հրամանատարը օգնություն է խնդրում