Հայաստանյան բազմաթիվ դպրոցներում տնօրենի ընտրությունը տարիներ շարունակ մեծ աղմուկով է անցկացվում, որոշներում ամիսներ շարունակ չի հաջողվում ղեկավար ընտրել, փակուղային իրավիճակ է ստեղծվում, հաճախ շաբաթներով դասադուլեր են հայտարարվում։ Մի քանի տարի առաջ, օրինակ, Կոտայքի մարզի դպրոցներից մեկում խնդիրն այնքան էր սրվել, որ անգամ երկրի ղեկավարը փորձեց հարցին լուծում տալ։
Ըստ գործող կարգավորման՝ տնօրենի ընտրությունն իրականացնում է ուսումնական հաստատության խորհուրդը, որն ունի 9 անդամ։ Ընտրվելու համար առնվազն 6 ձայն է հարկավոր։ Սակայն ձայները հիմնականում կամ հավասար են բաշխվում թեկնածուների միջև, կամ դպրոցների թե՛ ուսուցիչները, թե՛ աշակերտները ընդդիմանում են տնօրենի այն թեկնածուներին, որոնք նախկինում դպրոցում չեն աշխատել։ Նախընտրում են իրենց դպրոցում արդեն աշխատող թեկնածուներին։
Վերջին օրինակներից է Երևանի թիվ 55 դպրոցը, որտեղ ամիսներ շարունակ չի ստացվում տնօրեն ընտրել. ձայները հավասար են բաշխվում։ Այդ ընթացքում դպրոցի ուսուցիչները, աշակերտները, ծնողները ակցիաներ էին իրականացնում քաղաքապետարանի որոշման դեմ, որով տնօրենի պարտականությունները դրվել են դպրոցում նախկինում չաշխատած անձի վրա։ Այսօր «Ազատության» հետ զրույցում աշակերտները նշում էին՝ շաբաթներ շարունակ պայքարում էին իրենց ձայնը լսելի դարձնելու համար, սակայն ապարդյուն:
«Երեխաները չեն ուզում այսպես դպրոց հաճախել, չեն համակերպվում այն մտքի հետ, որ իրենց ժամանակավոր պաշտոնակատարը այն մարդը չի, ինչ իրենք են ուզում տեսնել»։ «Փոփոխությունների պատճառով հանգիստ մթնոլորտ չի դպրոցում, ու ամեն դեպքում կենտրոնանալը սովորելու վրա մի քիչ բարդ աշխատանք է դարձել»:
Այժմ Կրթության նախարարությունը նոր կարգավորումներ է մշակում, ըստ որի՝ տնօրենը քվեարկությամբ չի ընտրվի, այլ կնշանակվի լիազոր մարմնի կողմից։ Ո՞րն է փոփոխության պատճառը:
«Ե՛վ քննարկումների արդյունքում, և՛ ունեցած բողոքների, և՛ բազմաթիվ տնօրենների ընտրության հետ կապված բողոքարկումների, քննարկումների։ Կարծում ենք, որ այս կարգավորումները պետք է նվազագույնին հասցնեն կամ նույնիսկ զրոյացնեն նման տիպի արդեն քննարկումները կամ խոսակցությունները», - նշում է ԿԳՄՍՆ Հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը:
Նրա փոխանցմամբ՝ ձևավորվելու է մասնագիտական հանձնաժողով, որը լսելու է տնօրենի զարգացման ծրագիրը, ներկայացնելու է մասնագիտական եզրակացություն, և դրա հիման վրա լիազոր մարմինը՝ կա՛մ նախարարությունը, կա՛մ քաղաքապետարանը, կա՛մ մարզպետարանը կորոշի, թե ում տնօրեն նշանակի։
«Հնարավոր է, օրինակ, այդ ծրագրերը ինչ-որ մեկին պատվիրեն վճարովի, անհրաժեշտություն է լինելու պարզել՝ դա ինքն է գրել, թե ինչ-որ մեկը վճարովի գրել է, կոռուպցիոն ռիսկերն էլի կարող են մնալ», - նկատում է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը:
Արդյո՞ք չի բացառվում, որ լիազոր մարմինը կարող է կամայական որոշում կայացնել, Արսեն Բաղդասարյանն ասում է. «Կարգավորումները պետք է այնպիսին լինեն, որ եզրակացությունը լինի չափելի ու ունենա ինչ-որ համեմատության հնարավորություն։ Շեմ պետք է ունենա անցողիկ և առավելագույն»։
Կրթության փորձագետը կարծում է՝ գուցե այս տարբերակը աշխատի այն դեպքում, եթե չքաղաքականացված, պրոֆեսիոնալ մասնագիտական հանձնաժողով ձևավորվի, որի որոշումները անձերով պայմանավորված չեն լինի, այլ վեր կդասվի կրթությունը. «Եթե նախարարությունը կարողանա ձևավորել շատ լավ խորհուրդներ մասնագիտացված, մարդիկ, որոնք պաշտպանված կլինեն կոռուպցիոն ռիսկերից, օբյեկտիվ մտածողություն կունենան, թիմ-թիմ չեն խաղա, ազատ կլինեն քաղաքական ճնշումներից, գուցե այս տարբերակը աշխատի»։
Թե ովքեր կլինեն հանձնաժողովի կազմում, դեռ պարզ չէ, այս նոր կարգավորումներն առայժմ քննարկվում են։ Նախատեսվում է, որ թե՛ կազմը, թե՛ մնացյալ կարգավորումներն ամբողջովին պատրաստ կլինեն մինչև տարեվերջ։
Your browser doesn’t support HTML5