Մատչելիության հղումներ

Աբովյանում դպրոցի տնօրենի ընտրության շուրջ կրքերը չեն հանդարտվում


Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Խաչատուր Աբովյանի անվան համար 1 ավագ դպրոցում կրքերը չեն հանդարտվում, բազմաթիվ ուսուցիչներ, աշակերտներ պահանջում են տնօրենի պաշտոնում վերականգնել Մետաքսյա Բաբայանին։

Շաբաթներ առաջ այս դպրոցում տնօրենի ընտրություններ էին, գործող տնօրեն Մետաքսյա Բաբայանն ու այլ դպրոցում աշխատած Քարմիլե Առաքելյանը դպրոցի կառավարման խորհրդի քվեարկությամբ հավաքել էին 4-ական ձայն։ Այդ պարագայում տնօրեն նշանակելու վերջնական որոշումը Կրթության նախարարինն է։ Վերջինս ընտրել է Առաքելյանին։

Մի քանի օր շարունակ բողոքի ակցիաներ իրականացնող մանկավարժները պնդում են, որ կառավարման խորհրդի՝ հենց այս դպրոցը ներկայացնող 4 անդամներն էլ Բաբայանին են ընտրել, Առաքելյանին են ձայն տվել մյուս 4 անդամները, որոնք, ուսուցիչների խոսքով, Շրջակա միջավայրի նախարար, Կոտայքի նախկին մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հարազատները կամ ծանոթներն են, իսկ Քարմիլե Առաքելյանը, ըստ այդ խոսակցությունների, Ռոմանոս Պետրոսյանի կնոջ ընկերուհին է։

«Իրենք կողմ են քվեարկել մի զարգացման ծրագրի, որտեղ ասվում է, որ ավագ դպրոցը պետք է համագործակցի մանկապարտեզների հետ։ Ինձ շատ հետաքրքիր է, թե ավագ դպրոցի համագործակցությունը մանկապարտեզի հետ ինչ է նշանակում», - ասում է Խաչատուր Աբովյանի անվան դպոցում պատմություն դասավանդող Հայկ Փայտյանը։

Ուսուցիչը մանրամասնում է՝ նախքան նախարարի վերջնական ընտրությունն իրենք ծնողների հետ նախարարության դիմաց ակցիա են իրականացրել․ - «Որի ժամանակ ծնողները, ուսուցիչները և աշակերտների խորհրդի ներկայացուցիչը ներկայացրեցին ստորագրված թղթեր։ Այսինքն՝ 360 աշակերտից 300-ը, ծնողները գրեթե էդքան և ամբողջ կոլեկտիվը՝ 40 հոգի ներկայացրեցինք նախարարությանը, որ մենք պահանջում ենք, մենք խնդրում ենք, որպեսզի մեր շահերը հաշվի առնեք, որոշումը կայացնելիս առաջնորդվեք նաև մեր պահանջներով և մեր շահերով»։

Պահանջում ենք բեկանել նախարարի որոշումը, ասում է ուսուցիչն ու հիմնավորում իրենց պահանջը․ - «Որոշման մեջ գրված է հետևյալը, նախարարի հրամանի մեջ․ Նշանակել Քարմիլե Առաքելյանին, որովհետև, հաշվի առնելով, որ նա ավարտել է Երևանի պետական մանկավարժական համալսարանը, 94 թվականից աշխատում է ուսուցիչ և ներկայացրել է զարգացման ծրագիր։ Շատ լավ։ Եթե էս հիմքերով ենք առաջնորդվում, Մետաքսյա Բաբայանը ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը գերազանցությամբ․․․ Ես չեմ համեմատում, քավ լիցի։ Ուղղակի եթե հիմքը սա է, բա սա՞։ Երկրորդը, Մետաքսյա Բաբայանը աշխատում է որպես ուսուցիչ 1991 թվականից, և նրա զարգացման ծրագիրը և իր զարգացման ծրագիրը համեմատելի չեն»։

Այդուհանդերձ, Փայտյանը չի պնդում, որ Քարմիլե Առաքելյանը կապ ունի Կոտայքի նախկին մարզպետի հետ՝ նշելով, որ այդ մասին փաստական ապացույց չկա։

Ռոմանոս Պետրոսյանը, ով նաև իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ է, օրերս հերքեց Առաքելյանի հետ ընկերական, ազգակցական և բարեկամական կապ ունենալու մասին խոսակցությունները։

Բարձրաստիճան պաշտոնյայի հետ կապ ունենալու լուրերը հերքում է նաև ընտրված տնօրեն Քարմիլե Առաքելյանը՝ շեշտելով, որ պատրաստ է անգամ դատարան դիմել։․ - «Կդիմեմ անգամ դատարան և փաստացի կապացուցեմ, որ ես նման կապերի մեջ չեմ որևէ մեկի և նրանց ընտանիքի որևէ անդամի հետ»։

Առաքելյանը ընդգծում է, որ իր իրավունքներին տեր է կանգնելու և թույլ չի տալու զրպարտել իրեն․ - «Թույլ չեմ տալու որևէ մեկին զրպարտելու իմ անձը, կասկածի տակ դնելու իմ կրթական ցենզը, և պայքարելու եմ։ Էստեղ ոչ թե ինձ համար աթոռն է կարևորը, ինձ համար կարևորն այսօր աշակերտների կրթության որակն է և կրթության կազմակերպումը»։

Տնօրենի պաշտոնում Մետաքսյա Բաբայանին վերականգնելու պահանջն ունեին նաև այսօր դպրոցում հավաքված աշակերտները։

Ի՞նչ հանգուցալուծում է ստանալու այս պատմությունը. Կրթության նախարարությունից միան փոխանցում են՝ նոր տնօրենին ընտրելիս նախարարը գործել է իր լիազորությունների շրջանակում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG