Ռուսները սկսել են Դոնբասն ամբողջությամբ գրավելու ճակատամարտը

Ուկրաինացի զինծառայողը, Արևելյան Ուկրաինա, 19 ապրիլի, 2022թ.

«Սերունդը սերնդի հետևից ռուսներին կընկալեն որպես սպառնալիք»

Ռուսական զորքը սկսել է Դոնբասն ամբողջությամբ գրավելու համար ճակատամարտը, որի մոտալուտ մեկնարկի մասին անցած օրերին նախազգուշացրել են և՛ Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբը, և՛ Արևմուտքի ռազմական վերլուծաբանները:

Ռուսների գրոհի մասին երեկ երեկոյան հատուկ տեսաուղերձում հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:

«Կարող ենք փաստել, որ ռուսական ուժերը սկսել են Դոնբասի համար կռիվը, որին երկար ժամանակ են նախապատրաստվել: Հիմա այդ գրոհին է մասնակցում նրանց զինված ուժերի մի շատ մեծ զորախումբ»,- ասել է Զելենսկին:

Ռուսական զորախմբի թվում են շաբաթներ առաջ Ուկրաինայի հյուսիսում, ինչպես նաև Բելառուսում տեղակայված ստորաբաժանումները:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսական զորքերը սկսել են մարտը Դոնբասի համար․ Զելենսկի

«Այս պատերազմի երկրորդ մասն է սկսվում, հավատացեք մեր բանակին, այն շատ ուժեղ է»,- Տելեգրամ-ալիքում տեղադրած գրառմամբ ազդարարել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Անդրեյ Երմակը:

«Այսօրվա հարվածները Լվովին, Դնեպրոպետրովսկին և որևէ քաղաքի վրա ռուսական հարված նշանակում են մեկ բան՝ մենք, աշխարհը և պատմությունը շատ ավելին կխլենք Ռուսաստանից, քան ռուսական հրթիռները մեզնից: Յուրաքանչյուր կորսված կյանք ուկրաինացիների և բոլոր մյուս ազատ ժողովուրդների համար կնշանակի, որ սերունդը սերնդի հետևից ռուսներին կընկալեն որպես սպառնալիք: Ցանկացած ենթակառուցվածք կարելի է վերականգնել, և մենք դա հաստատ կանենք»,- ասել է Զելենսկին:

Լավրով. «Մեր բանակը չի գործում խաղաղ բնակչության դեմ»

Այս պահին՝ քանի դեռ պատերազմը շարունակվում է, գրեթե անհնարին է հայտնել զոհերի ստույգ թիվը, կարելի է միայն ենթադրել, որ այն շատ մեծ է թե՛ զինծառայողների և թե՛ քաղաքացիական բնակչության շրջանում: Այնուամենայնիվ, ռուսական կողմը հերքում է Բուչայում, Կրամատորսկում և այլ ավաններում խաղաղ մարդկանց սպանության մեղադրանքը և պնդում է, թե այդ սարսափելի տեսարաններն ուկրաինացիներն են բեմականացրել:

Այսօր հնդկական հեռուստատեսությանը տված հարցազրույցում Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը նորից ընդգծել է, որ ռուսական բանակի համար կան միայն ռազմական թիրախներ:

«Կարող եմ ևս մեկ անգամ հավատացնել, որ մեր բանակը գործում է ռազմական ենթակառուցվածքի, այլ ոչ թե քաղաքացիական բնակչության դեմ», - ասել է Լավրովը:

Այսօր առավոտյան Ռուսաստանի պաշտպանության նախարարության խոսնակ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը զեկուցել է ռուսական ուժերի գործողությունների մասին:

«Օպերատիվ-մարտավարական օդուժը և Ռուսաստանի օդատիեզերական ուժերը 60 թիրախ են ոչնչացրել Ուկրաինայում: Հարվածներ են հասցվել Չերվոնա Պոլյանա և Բալակլեա շրջաններում «Տոչկա-Ու» հրթիռների մարտագլխիկների պահեստին, երեք հրամանատարական կենտրոններին և թշնամու ռազմական տեխնիկային»,- ասել է Կոնաշենկովը: Ռուսները պնդում են նաև, որ խոցել են «Միգ-29» տեսակի մեկ ուկրաինական օդանավ:

Շոյգու. «Արևմուտքն ամեն բան անում է, որ այս օպերացիան երկար տևի»

Մոսկվան Արևմուտքին է մեղադրում այս պատերազմի ձգձգման համար: Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ասել է, թե ռուսական զինված ուժերը հետևողականորեն կատարում են գերագույն գլխավոր հրամանատարի հրամանը և հաջողությամբ շարունակում են «հատուկ ռազմական օպերացիան», ապա խոսել է միջազգային ուժերի միջամտության մասին:

«Միացյալ Նահանգները և նրա կողմից վերահսկվող արևմտյան երկրներն անում են ամեն բան, որ այս գործողությունը հնարավորինս երկար տևի, զինամթերքի նորանոր խմբաքանակների մատակարարումը վկայում է, որ նրանք Կիևին ստիպում են կռվել մինչև վերջին ուկրաինացին»,- ասել է նախարարը:

Ուկրաինան դիմադրում է

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Ազով»-ը Մարիուպոլից տեսանյութ է հրապարակել

Ուկրաինացիները պնդում են, որ հետ են մղում գրոհները: Այդ մասին ասել է Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբի խոսնակ Օլեքսանդր Շտուպունը:

«Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում Ուկրաինայի պաշտպանները հետ են մղել թշնամու 7 գրոհ, ոչնչացրել են 10 հրասայլ, 18 զրահամեքենա, 8 մեքենա, ականանետի համակարգ և կենդանի ուժ»,- ասել է Օլեքսանդր Շտուպունը:

Այսօր Դոնբասի համար ճակատամարտի 2-րդ օրն է, ռազմաճակատի գիծը 480 կիլոմետր է: