Եթե մեկ ամիս առաջ հայաստանյան բանկերում մեկ ամերիկյան դոլարը կարելի էր ձեռք բերել ավելի քան 490 դրամով, ապա այսօր դոլար կարելի է գնել անգամ 473 դրամով։
Փորձագետների գնահատմամբ, եթե այս միտումը պահպանվի, հետագայում կդանդաղի գնաճի տեմպը, քանի որ արժևորված դրամի պայմաններում տնտեսվարողներն արտերկրից ապրանքը դոլարով ներկրելիս ավելի քիչ են վճարում։
«Գնաճի տեսակետից սա միանշանակ դրական երևույթ է, որովհետև որոշակիորեն մեղմում է իրավիճակը։ Այնուամենայնիվ, մենք դրա ազդեցությունը չենք կարող միանգամից զգալ», - ասում է Տնտեսագիտական համալսարանի «Ամբերդ» վերլուծական կենտրոնի փորձագետ Նարեկ Կարապետյան՝ պարզաբանելով, որ դրամի արժևորումը դժվար թե մոտ ապագայում հանգեցնի գների իջեցման, սակայն կարող է թուլացնել հետագա թանկացումների տեմպը. - «Գները բարձր մակարդակում կֆիքսվեն, հարցը գնաճի հետագա արագացումն է։ Ընդհանապես տնտեսագիտության մեջ էսպիսի ընդունված մոտեցում կա, որ գները ճշգրտվում են դեպի վերև, սակայն դեպի ներքև շատ ավելի դժվար են ճշգրտվում։ Սա արգելանիվի հայտնի էֆեկտն է, որ պտտվում է առաջ, բայց հետ չի պտտվում»։
2021-ին 12-ամյսա գնաճը Հայաստանում կազմել է 7,7 տոկոս։ Քաղաքացիների գրպաններին հատկապես սննդամթերքի թանկացումն է հարվածում։ Սննդամթերքն ու ոչ ալկոհոլային խմիչքը մեկ տարվա ընթացքում թանկացել են ավելի քան 12 տոկոսով։
Դրամի արժևորման ազդեցությունը գների վրա զգալու համար անհրաժեշտ է, որ հայկական արժույթը տևական ժամանակ այս մակարդակում պահպանվի, մանրամասնում է տնտեսագետ Նարեկ Կարապետյանը։ Փորձագետը շեշտում է՝ որոշակի ժամանակ է պետք, որ տնտեսվարողները հարմարվեն այս նոր միջավայրին. - «Փոխարժեքը արժեզրկվեց, այնուհետև արժեվորվեց, ու, օրինակ, գնանշում իրականացնողները չգիտեն, թե փոխարժեքը վաղը ինչպիսին կարող է լինել, որպեսզի, օրինակ, փոխարժեքի արժեզրկումից գների ավելացումը հետ բերեն նախկին մակարդակին»։
«Տնտեսավարողներից շատերը դեռևս չեն վստահում մեր դրամին, և նրանք իրենց ֆինանսական բարձիկները դեռ պահպանում են։ Այսինքն՝ իրենք կարծում են, որ հնարավոր է մեկ օրվա ընթացքում 446-ից դրամը դառնա, օրինակ, 500, և նրանք իրենց հաշվարկները կատարում են 500-ով»։
Մեդալը երկու կողմ ունի, նշում են տնտեսագետները, եթե դրամի արժևորումը հետագայում հնարավոր է զսպի ներկրվող ապրանքների թանկացումը, ապա արտահանողների համար այն հակառակ ազդեցությունը կունենա։
Տնտեսագետ Սուրեն Պարսյանը բացատրում է՝ դոլարով արտերկիր ապրանք վաճառող տնտեսվարողները այստեղ այդ գումարը ավելի քիչ դրամի են վերածում. - «Դրամի արժեվորումը այս պահին մեծ հարված է հասցնում դեպի ԵՄ, դեպի Չինաստան, կամ դեպի ԱՄՆ արտահանման դեպքում»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԿԲ-ն բարձրացնում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 9.25 տոկոսԿենտրոնական բանկն անցած ամիս վերլուծելով ռուս-ուկրաինական պատերազմի բացասական ազդեցությունները Հայաստանի տնտեսության վրա՝ կանխատեսել էր, որ առաջիկա եռամսյակներում բարձր գնաճային միջավայրի պահպանվելու է։ Թանկացումները կշարունակվեն նաև տարվա մյուս ամիսներին։
Դրանց տեմպը մեղմելու համար Կենտրոնական բանկը միանգամից 1,25 տոկոսով բարձրացրեց վերաֆինանսավոման տոկոսադրույքը՝ այն սահմանելով 9,25 տոկոս։
Գլխավոր դրամատնից «Ազատությանը» փոխանցեցին, որ մշտական մոնիթորինգ են անցկացնում և գնաճի վերաբերյալ իրենց նոր վերլուծությունը կներկայացնեն հաջորդ ամիս։