Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանն իր էներգակիրներն Արևմուտքի փոխարեն հեշտությամբ կարող է ուղղել այլ երկրներ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր ասել է, որ Ռուսաստանը իր հարուստ էներգակիրները Արևմուտքի փոխարեն կարող է հեշտությամբ ուղղել դրանց կարիքն ունեցող այլ երկրներ, ինպես նաև ավելացնել նավթի, գազի և քարածխի ներքին սպառման ու վերամշակման ծավալները։

Ուկրաինա ներխուժելու պատճառով Միացյալ Նահանգները, Կանադան, Բրիտանիան և Ավստրալիան արգելք են դրել ռուսական էներգակիրների ներմուծման վրա։ Եվրոպական երկրները քննարկում են ռուսական էներգակիրներից կախվածությունը նվազեցնելու հնարավորությունը։

Պուտինն ասել է, որ էներգետիկ ճգնաժամի համար Արևմուտքն է մեղավոր, որովհետև չի ցանկանում համագործակցել Ռուսաստանի հետ։

«Արևմտյան մի շարք երկրների կողմից նորմալ համագործակցությունից հրաժարվելը, այդ թվում՝ մասմամբ նաև ռուսական էներգակիրներից, արդեն հարվածել է միլիոնավոր եվրոպացիների՝ առաջացնելով էներգետիկ իսկական ճգաժամ, գնաճ, սղաճ։ Իհարկե, մենք ևս բախվում ենք խնդիրների, բայց մեզ համար բացվում են այլընտրանքային հնարավորություններ, տարբերակներ, նոր հնարավորությունների պատուհաններ»,- ասել է Պուտինը ռուսական Արկտիկայի զարգացման հարցերով այսօր անցկացրած խորհրդակցությունում։

Նա նշել է, որ արտասահմանյան որոշ ընկերություններ հրաժարվում կամ մասամբ են հրաժարվում կատարել իրենց պայմանագրային պարտավորությունները, ինչը Արկտիկայում որոշակի դժվարություններ է ստեղծում Ռուսաստանի համար։ Բայց նրա փոխանցմամբ՝ բոլոր ռեսուրսներն ու հնարավորություններն ունեն այլընտրանքային լուծումներ։