Ուկրաինայի դեմ Ռուսաստանի վարած պատերազմը դեռ չի ավարտվել, և դրա հավանական արդյունքը ոչ ոք չի համարձակվի կանխագուշակել, սակայն արդեն ակնհայտ է, որ փետրվարի 24-ին մեկնարկած հարձակումը ցանկացած դեպքում կունենա աշխարհքաղաքական բեկումնային հետևանքներ:
Երկրորդ աշխարհամարտից հետո սկանդինավյան երկու բարեկեցիկ երկրներ՝ Ռուսաստանի հետ ծովային սահման ունեցող Շվեդիան և ցամաքային երկար սահման ունեցող Ֆինլանդիան, տնտեսությամբ, հասարակական կարգով, քաղաքակրթությամբ Արևմուտքի անբաժան մաս կազմելով՝ այնուամենայնիվ չեն միացել ՆԱՏՕ-ին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ֆինլանդիան և Շվեդիան դիտարկում են ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորությունըԵրկու պետություններում էլ միշտ եղել են Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու կողմնակիցներ, սակայն պաշտոնական Ստոկհոլմն ու Հելսինկին մշտապես ընդգծել են, որ մեծ կարևորություն են տալիս չեզոքության գաղափարին:
Եվ ահա Ուկրաինայի այս ողբերգությունը ՆԱՏՕ-ի հարցը նորից դարձրել է հանրային քննարկումների թեմա: Շվեդիան և Ֆինլանդիան ունեն ոչ մեծաթիվ զարգացած արդիական զինված ուժեր, սակայն դրանք, բնականաբար, հզորության տեսակետից համեմատելի չեն ռուսական բանակի հետ:
Հիմա այս երկու երկրներում ամենայն լրջությամբ են խոսում ՆԱՏՕ-ին միանալու հեռանկարի մասին: Ենթադրվում է, որ հունիսին դիմում կներկայացնի Ֆինլանդիան, ապա նույն քայլին կդիմի Շվեդիան:
ՆԱՏՕ-ի ղեկավարներն ասել են, որ դաշինքը սոսկ շաբաթների ընթացքում կլուծի այդ հարցը: Ըստ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի՝ այդ երկրու երկրների անդամակցության խնդիրն ամենաքննարկվողներից էր ապրիլի 6-7-ը Բրյուսելում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի հավաքում:
«Ազատություն» ռադիոկայանի խնդրանքով թեման մեկնաբանել է Ֆինլանդիայի խորհրդարանի պատգամավոր Միկկո Կարնան Suomen Keskusta («Ֆինլանդիայի կենտրոն») կուսակցությունից: Նա խոսել է այս օրերին իր երկրի քաղաքացների մտահոգությունների մասին:
«Մենք տեսնում ենք Ուկրաինայում ամեն օր պատերազմական հանցագործություններ կատարող ռուսներին: Եվ մենք 1300-կիլոմետրանոց սահման ունենք պատերազմի հանցագործների ու խաբեբաների կողմից ղեկավարվող երկրի հետ», - ասել է օրենսդիրը:
Նրա փոխանցմամբ, Ֆինլանդիան այլևս չունի ինչ-ինչ հատուկ հարաբերություններ Ռուսաստանի հետ: Փոխարենն ունի հարևան, որին չի կարելի վստահել և որի հետ դիվանագիտական հարաբերություններ էլ պետք չեն:
«Եվ երբ Պուտինն ասում է, թե չի ուզում վերականգնել Խորհրդային Միությունը, ուրեմն պետք է հասկանալ, որ ուզում է», - հայտարարել է պատգամավորը:
Նրա խոսքով՝ ռուսների հարձակումն Ուկրաինայի վրա շատերի համար էր անակնկալ, բայց ինքն անձամբ միշտ նախազգուշացրել է, որ նման բան վաղ թե ուշ տեղի կունենա:
«Անցյալ տարվա դեկտեմբերին ես ասել եմ, որ մենք պետք է հնարավորինս արագ միանանք ՆԱՏՕ-ին, հիմա արդեն մեր բնակիչների մեծ մասն է կողմ: Ես միշտ ասել եմ, որ մենք կոպիտ սխալ ենք գործել, որ անմիջապես Խորհրդային Միության փլուզումից հետո չենք մտել ՆԱՏՕ», - ասել է պատգամավորը՝ հույս հայտնելով, որ առաջիկայում այդ սխալը կուղղվի:
Մոսկվան արդեն նյարդայնության նշաններ է ցույց տալիս: «Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցումը ՆԱՏՕ-ին չի նպաստի Եվրոպայի անվտանգության ամրապնդմանը», - հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: