Ուկրաինա ներխուժելով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խարխլեց Եվրոպայում տասնամյակների հարաբերական խաղաղությունն ու կայունությունը։ Փորձագետների համոզմամբ՝ Պուտինը գաղափարական առաջնորդ է, որը փորձում է վերականգնել գերտերության կարգավիճակը, որը Ռուսաստանը կորցրեց Խորհրդային Միության փլուզման հետ։
1980-ականների կեսերին՝ նախքան քաղաքականություն մտնելը, ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեի՝ ՊԱԿ-ի արտաքին հետախուզության լեյտենանտ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը իր ծառայությունն անցնում էր Գերմանիայի Դրեզդեն քաղաքում՝ քողարկված աշխատելով ԽՍՀՄ-ԳԴՀ Բարեկամության տան տնօրենի պաշտոնում։ 1999 թվականի վերջին՝ Ռուսաստանի Դաշնության առաջին նախագահ Բորիս Ելցինի սկանդալային հրաժարականից հետո Պուտինը նշանակվեց նախագահի պաշտոնակատար։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բլինքեն․ Պուտինը փորձում է վերականգնել նախկին Խորհրդային ՄիությունըՀիմնականում կեղծված որակված ընտրություններում տարած հաղթանակների, պաշտոնավարման բոլոր հնարավոր ժամկետները երկարաձգելու, քաղաքական ընդդիմախոսներին բանտարկելու ու լռեցնելու արդյունքում է նա առայսօր իշխանության ղեկին, նկատում է գերմանական Մարշալ հիմնադրամի փորձագետ Մայքլ Քիմաժը. «Բազմաթիվ լրագրողների, բարձրաստիճան սպաների և այլ սպանվածների երկար ցանկ կա: Ենթադրվում է, որ դրանց պատվիրատուն անձամբ Պուտինն է կամ նրա նեղ շրջապատը»:
Վլադիմիր Պուտինը տարիների ընթացքում հզոր, ազդեցիկ, հեղինակություն վայելող, Ռուսաստանի փառահեղ անցյալը վերակերտող, ամենագետ տղամարդու կերպար է ստեղծել։ Այն համապատասխանում է նրա գաղափարական առաջնորդի ոճին, կարծում է Ներբասկայի համալսարանի հոգեբանության պրոֆեսոր Սամուել Հանթերը:
«Դե, նման առաջնորդները խոսում են անցյալից, երբ ամեն ինչ ավելի լավ էր: Նրանք խոսում են այդ ժամանակներին վերադարձ կատարելու մասին՝ խոստանալով, որ, որպես առաջնորդ, կանեն ամեն ինչ հզոր ու ազդեցիկ դարաշրջանը վերականգնելու համար։ Այս առումով, Պուտինը դրա վառ օրինակն է», - նշել է պրոֆեսորը։
Պուտինը ցանկանում է, որ Ռուսաստանին վերստին որպես գերտերություն վերաբերվեն, կարծում է Բրուքինգս հաստատության փորձագետ Անգելա Սթենթը։ «Եվ նա կարծում է, որ աշխարհը պետք է Ռուսաստանին վերաբերվի այնպես, ինչպես Խորհրդային Միությանը: Պուտինը չի ցանկանում վերականգնել Խորհրդային Միությունը, բայց ուզում է, որ Ռուսաստանին վերաբերվեն որպես գերտերության, որի կարծիքի հետ հաշվի են նստում։ Նա ցանկանում է, որ մարդիկ ինչ-որ առումով վախենան Ռուսաստանից՝ ընդունելով ազդեցության գոտիներ ունենալու իր իրավունքները», - ընդգծել է փորձագետը։
Վերլուծաբան Մայքլ Քիմաժը համաձայն է. «Ըստ իս, նա իրեն իսկապես հայրենասեր է համարում: Այդ պատճառով, իրեն պարտավորված է զգում. փառահեղ Ռուսական անցյալն ու հզորությունը վերականգնելը շարժիչ ուժ է: Եվ, իհարկե, ակնհայտ է իշխանության հանդեպ նրա մոլուցքն ու առաջին հերթին՝ որպես ինստիտուտ, ՊԱԿ-ի հանդեպ նրա սերը»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Պուտինը կարող է բարդ դրության մեջ հայտնվել». Ռուսաստանի նախագահը՝ աշխարհի ուշադրության կենտրոնումՉնայած Ռուսաստանի անկում ապրող տնտեսությանը՝ Պուտինին հաջողվել է հզոր դաշինքներ ստեղծել ու ներգրավվել տարբեր հակամարտություններում, որն էլ Չիկագոյի Գլոբալ հարցերի խորհրդի անդամ Էլիզաբեթ Շաքելֆորդի համոզմամբ՝ ապահովում է Պուտինի բարձր վարկանիշը Ռուսաստանի ներսում։
«Դե, կարծում եմ, ամենամեծ բանը, որը նա արեց իշխանության գալով այն էր, որ ինչ-որ առումով իսկապես վերականգնեց Ռուսաստանի դերը աշխարհում իբրև գերտերություն, քանի որ Ռուսաստանն իրականում դուրս էր մնացել շատ գործընթացներից: Եվ նա դա արեց ավելի բարձր քաշայինների հետ պայքարում, ճի՞շտ է», - ասել է Էլիզաբեթ Շաքելֆորդը։
Թեև Ռուսաստանը տարբեր հակամարտություններում է ներգրավվել՝ հարևան Ուկրաինայում նման լայնամասշտաբ գործողություններ իրականացնելու ռիսկը անկանխատեսելի էր շատերի, այդ թվում՝ ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբամայի համար. «Նա միշտ էր անողոք։ Դուք ականատես եղաք, թե նա ինչ արեց Չեչնիայում։ Նա չի երկմտել ջախջախելու նրանց, ում սպառնալիք է համարել։ Դա նորություն չէ: Բայց որ նման խաղադրույք կկատարեր՝ ես սրանից հինգ տարի առաջ, իհարկե, չէի կարող կանխատեսել»:
Փորձագետների համոզմամբ, քովիդի համավարակի բռնկումից ի վեր՝ Պուտինը ավելի մենակ ու մեկուսացած է, քան երբևէ։ Դեռ նախքան Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումը, Պուտինը ծայրաստիճան զգուշավորություն էր ցուցաբերում անգամ պատվաստված արևմտյան առաջնորդների հետ հանդիպումներին։