Ռուսաստանցի Միխայիլ Պոդիվիլովը դիմել էր Ռուսաստանի քննչական կոմիտեին՝ խնդրելով հետաքննել Վլադիմիր Պուտինի հանցավոր գործողությունները Ուկրաինայի դեմ ագրեսիվ պատերազմ սկսելու և վարելու համար։
Մարտի 31-ին Տելեգրամի իր էջում նա հրապարակել է Քննչական կոմիտեից ստացված պատասխանը, ուր ասված է, որ դիմումը տվյալներ չի պարունակում, որոնք կվկայեն որևէ հակաօրինական գործունեության մասին։
Ավելի վաղ քաղաքացի Պոդիվիլովը Պուտինին կոչ էր արել դադարեցնել «եղբայրասպան պատերազմը» Ուկրաինայում։
Նա նաև դիմել էր Գլխավոր դատախազությանը, պահանջելով Պուտինի դեմ քրեական գործ հարուցել ֆեյքի համար։ Պուտինը հայտարարել էր, թե Ուկրաինայի «հատուկ գործողությանը» ժամկետային զինծառայողներ չեն մասնակցում, սակայն Պաշտպանության նախարարությունը խոստովանել էր այդ փաստը։