Ճապոնիայի վարչապետն առաջարկում է Ռուսաստանին վտարել «Մեծ քսանի» խմբից

Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիշիդա, արխիվ

Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիշիդան ասել է, թե «Մեծ քսանի» խմբում գտնվող երկրները պետք է քննարկեն Ուկրաինայի պատերազմի պայմաններում Ռուսաստանի անդամության նպատակահարմարությունը:

«Միջազգային համայնքը համարում է, որ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիան այլևս անհնարին է դարձնում նախկին հարաբերությունների պահպանումը: Մեծ յոթնյակի գործընկերների հետ մենք որոշել ենք, որ չի կարելի նախկինի պես Ռուսաստանի մասնակցությամբ անցկացնել բազմակողմանի հավաքներ: Ինչ վերաբերում է Մեծ քսանյակին՝ ես կարծում եմ, որ անհրաժեշտ է հարցը քննարկել խմբում այսօր նախագահող Ինդոնեզիայի և մնացած անդամների հետ», - ասել է Կիշիդան:

Bloomberg գործակալությունն ավելի վաղ հաղորդել է, որ Միացյալ Նահանգները ճնշում է բանեցրել Ինդոնեզիայի վրա՝ համոզելով այդ երկրին թույլ չտալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությունն առաջիկա գագաթնաժողովին:

Ըստ Bloomberg-ի, եթե ռուսներն այնուամենայնիվ պահպանեն ժողովին մասնակցելու հնարավորությունը՝ որոշ երկրների լիդերներ պարզապես կհրաժարվեն մասնակցությունից կամ կգործուղեն ավելի ցածր մակարդակի պաշտոնյաների:

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այդ կապակցությամբ ասել է, թե Պուտինի մասնակցությունն առաջիկա գագաթնաժողովին կախված կլինի ընդհանուր իրավիճակի զարգացումից:

Խոսնակի փոխանցմամբ՝ Մոսկվան այդ հարցում նախևառաջ հաշվի է առնելու կազմակերպիչ պետության՝ Ինդոնեզիայի դիրքորոշումը: