Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը ՄԱԿ-ի քվեարկությունը Մարդու իրավունքների խորհրդին Ռուսաստանի մասնակցությունը կասեցնելու վերաբերյալ անվանել է «զգալի քայլ համաշխարհային հանրության կողմից»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Դադարեցվում է Ռուսաստանի անդամակցությունը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդինՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը երեկ որոշեց դադարեցնել Ռուսաստանի անդամակցությունը Մարդու իրավունքների խորհրդին՝ Ուկրաինայի դեմ ռազմական հարձակման և ռուս զինվորականների կողմից «մարդու իրավունքների կոպիտ և համակարգված խախտումների համար»։
Բայդենը խոստացել է ընդլայնել համագործակցությունը, իր խոսքով՝ «պատասխանատու պետությունների» հետ ամբողջ աշխարհում՝ Ռուսաստանին միջազգային հարթակում մեկուսացնելու և ենթադրյալ ռազմական հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելու համար:
«Մենք կշարունակենք աշխատել աշխարհի պատասխանատու երկրների հետ՝ հանցագործությունների ապացույցներ հավաքելու և Ռուսաստանին պատասխանատվության ենթարկելու իր կատարած վայրագությունների համար, ուժեղացնելու ճնշումը Ռուսաստանի տնտեսության վրա և մեկուսացնելու Ռուսաստանը միջազգային հարթակում», - ասել է ԱՄՆ նախագահը։
Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, իր հերթին, հայտարարել է, որ արևմտյան երկրներն ուսումնասիրում են Ուկրաինային աջակցության շրջանակում մատակարարվող զենքի տեսականու ընդլայնման հնարավորությունը։
Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունը հայտարարել է Մոսկվայի դեմ պատժամիջոցների ընդլայնման մասին՝ «սև ցուցակում» ներառելով ՌԴ ևս 8 քաղաքացիների և 29 կազմակերպությունների։
ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատը պաշտպանել է Ռուսաստանից ցանկացած էներգակիրների ներմուծումն արգելող օրինագիծը։ Ինչպես հաղորդում է Սենատի կայքը, փաստաթուղթն ընդունվել է միաձայն՝ կողմ են քվեարկել երկու կուսակցությունների բոլոր 100 սենատորները։
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն էլ հերթական անգամ կոչ է արել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին անհապաղ դադարեցնել Ուկրաինայի դեմ պատերազմը։ «Պետք է զինադադար լինի, և Ռուսաստանը պետք է դուրս բերի իր զորքերը Ուկրաինայից», - հայտարարել է Շոլցը՝ պնդելով, թե Պուտինը կործանում է ոչ միայն Ուկրաինան, այլև սեփական երկրի ապագան։