Վրաստանի իշխանությունները ամոթալի են որակում Կիևից հնչող մեղադրանքները, թե պատժամիջոցների տակ գտնվող մի շարք ապրանքներ, այդ թվում ռազմական նշանակության ապրանքատեսակներ, երրորդ երկրներից Ռուսաստան են տեղափոխվում Վրաստանի տարածքով։
Շաբաթասկզբին նման մեղադրանքներ էին հնչեցրել նախ Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը, ապա նաև ուկրաինական ռազմական հետախուզության ներկայացուցիչները։ Անցած գիշեր մեղադրանքները կրկնեց Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան՝ Թբիլիսիից հստակ պատասխան պահանջելով։
«Սա այն դեպքն է, երբ մենք ենք կտրուկ կերպով պահանջում ենք. կա'մ Ուկրաինայի համապատասխան ծառայությունները ներկայացնում են Վրաստանին վերագրվող զզվելի մեղադրանքների հստակ ապացույցները, կա'մ հերքում են այդ աբսուրդային պնդումները՝ նույնքան հրապարակայնորեն և նույն աղբյուրների կիրառմամբ», - այսօր հայտարարում էր իշխող «Վրացական երազանք» կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։
Վրաստանի կառավարության ներկայացուցիչները, ի դեպ, վստահ են, որ Կիևից հնչող մեղադրանքները առավելապես ներքաղաքական բաղադրիչ ունեն, և դրանց թիկունքում կանգնած են նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի՝ Ուկրաինա տեղափոխած, ուկրաինական անձնագիր ստացած և այժմ այդ երկրի ուժային կառույցներում աշխատող թիմակիցները։
«Մեր սահմանները վերահսկվում են հենց նրա համար, որ ցանկացած ապրանք,լ ինի դա ռազմական կամ երկակի նշանակության, չկարողանա շրջանցել մաքսային մոնիտորինգը։ Դա է իրականությունը, մնացածը կեղտոտ հերյուրանքներ են», - հայտարարել է Վրաստանի փոխվարչապետ Թեա Ցուլուկիանին՝ հավելելով. - «Մեր մեղքը չէ, որ դեռ այն ժամանակաշրջանից, երբ ես զբաղեցնում էի արդարադատության նախարարի պաշտոնը, Ուկրաինան վերածվել է Վրաստանից փախուստի դիմած հանցագործների արգելոցի»։
Վրաստանի կառավարության ներկայացուցիչների հայտարարություններն այնքան էլ անհիմն չեն։ Այս պահին Սաակաշվիլիի առնվազն երկու մերձավոր թիմակիցները, որոնք հայրենիքում հեռակա կարգով ազատազրկման են դատապարտվել, բարձր պաշտոններ են զբաղեցնում ուկրաինական ուժային կառույցներում։ Վրաստանի նախկին գլխավոր դատախազ Զուրաբ Ադեիշվիլին այժմ աշխատում է որպես Ուկրաինայի Գլխավոր դատախազի խորհրդական։ Վրաստանի ներքին գործերի նախկին փոխնախարար, գեներալ Գեորգի Լորդկիպանիձեն էլ զբաղեցնում է Ուկրաինայի հակահետախուզության ծառայության պետի տեղակալի պաշտոնը։
Նշեմ ի դեպ, որ Լորդկիպանիձեն այժմ Վրաստանում մեղադրյալի կարգավիճակ ունի։ Վրացական դատախազությունը հենց նրան է մատնանշում որպես Միխեիլ Սաակաշվիլիի Վրաստան գաղտնի վերադարձի գլխավոր կազմակերպիչ։
«Մեզ ուղղված մեղադրանքները աբսուրդային են և զուրկ տրամաբանությունից։ Եթե խոսքը մաքսանենգության մասին է, ապա ես կուզեի հիշեցնել մի մաքսանենգ ապրանքի մասին, որը կարողացավ անարգել հատել ուկրաինական սահմանը։ Դրա անունն էր Միխեիլ Սաակաշվիլի», -լ րագրողների հետ զրույցում երեկ հայտարարել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն։
Ինքը՝ ընդիմադիրների կողմից մաքսանենգ ապրանք հռչակված նախկին նախագահը Թբիլիսիին ուղղված մեղադրանքներին անդրադարձավ դատարանի դահլիճում՝ պնդելով, թե Կիևը հազիվ թե չստուգված տեղեկություններ տարածեր. - «Ուկրաինական հետախուզությունը որպես կանոն հիմնվում է ամերիկյան և բրիտանական հատուկ ծառայությունների ներկայացրած տվյալների վրա։ Աստած մի արասցե, եթե այդ ամենը ճիշտ դուրս եկավ։ Եթե դա համապատասխանում է իրականությանը, ուրեմն ռուսական յուրաքանչյուր տանկի պահեստամասի վրա ուկրաինացի և Ուկրաինայում կռվող վրաց զինվորականների արյուն կա»։
Կիևի և Թբիլիսիի հարաբերությունները կտրուկ կերպով սրվեցին այն բանի հետո, երբ Վրաստանի կառավարությունը հայտարարեց, որ չի պատրաստվում միանալ Ռուսաստանի դեմ սահմանված արևմտյան պատժամիջոցներին։ Դրան էլ գումարած, վրացական իշխանությունները փետրվարի 24-ից ի վեր անում եմ ամեն ինչ վրաց կամավորականների խմբերի Ուկրաինա մեկնումը կանխելու համար։
Սրան ի պատասխան նախագահ Վլադիմիր Զելենսկին պատերազմի մեկնարկից մի քանի օր անց հետ կանչեց Թբիլիսիում Ուկրաինայի դեսպանին՝ վրացական իշխանություններին քննադատելով Կիևին բավարար աջակցություն չցուցաբերելու համար։