Շուրջ մեկուկես տարի տարի Բաքվի բանտերում փակված հայ գերիների հարազատները ծանր սպասման մեջ են։ Ընտանիքների հետ կապի միակ միջոցը զանգերն ու նամակներն են՝ Կարմիր խաչի միջոցով։
Ադրբեջանում երկարատև ազատազրկման դատապարտված հայ զինծառայողների ազգականների հետ հանդիպել է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանը: «Մենք կոչ ենք անում ազատ արձակել բոլոր բանտարկյալներին», - հայտարարում է ԱՄՆ դեսպանատունը:
Ստրասբուրգի դատարանում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանն ակնկալում է, որ Փաշինյան-Ալիև բրյուսելյան հանդիպումից առաջ կամ հետո գերիների խումբ կվերադարձվի Հայաստան։ Այդպես է բարձր մակարդակի բոլոր հանդիպումներից հետո:
«Այս քայլով կողմերը՝ Հայաստանը և Ադրբեջանը բարձրացրել են միջազգային կառույցի հեղինակությունը, դեր տալով հումանիտար խնդիրների լուծման գործում», - ընդգծեց Սահակյանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ալիևն ու Փաշինյանը հաջորդ շաբաթ կհանդիպեն ԲրյուսելումՀայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների վերջին հանդիպումից հետո տուն վերադարձավ 8 հայ գերի։ Փաստաբան Սահակյանը, սակայն, շեշտում է՝ 100 տոկոսանոց վստահության մասին խոսք չի կարող լինել, քանի որ խնդիրը քաղաքական է, պայմանավորվածությունները՝ ստվերային: Մինչև այժմ Ադրբեջանից 150 գերի է հայրենադարձվել՝ բոլորը փակ պայմանավորվածությունների արդյունքում:
«Մենք չենք ունեցել իրավական ակտ, որը պահանջեր Ադրբեջանին ազատ արձակել ռազմագերիներին», - նշեց Սիրանուշ Սահակյանը:
Ադրբեջանը պաշտոնապես հաստատել է 38 հոգու գերեվարման փաստը, նրանցից 37-ն արդեն իսկ Բաքվի դատարանների առջև են կանգնել ու դատապարտվել զանազան մեղադրանքներով՝ սահմանն ապօրինի հատելուց մինչև ահաբեկչություն: Ընդ որում՝ Ադրբեջանը գերիներին վերադարձնում կամ դատապարտում է առանց որևէ տրամաբանության՝ Խծաբերդից՝ նույն հանգամանքներում գերեվարված 62 պահեստազորայիններից 32-ը վերադարձվել են, 30-ը՝ դատվել, Սյունիքից, Գեղարքունիքից գերեվարված զինծառայողներից մի մասն էլ վերադարձվել են, մի մասը՝ Բաքվի բանտերում:
«Ադրբեջանի վարքագիծը չունի իրավական տրամաբանություն կամ ողջամտություն, և սա ևս ցուցանիշ է, որ որոշումները կայացվում են քաղաքական նպատակահարմարությամբ», - ասաց ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչը:
Հայկական կողմը Բաքվի հաստատած 38 հայ գերիներից բացի փաստեր ունի ևս 80 գերեվարված անձանց մասին: Եվրոպական դատարանը նրանց գերեվարման կանխավարկածն ապացուցված է համարել, սակայն Ադրբեջանը չի հաստատում: Այժմ ողջ են, թե՝ ոչ այդ 8 տասնյակ զինծառայողներն ու քաղաքացիական անձինք, պարզ չէ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Այսօր Բաքվում սկսվել է 14 հայ ռազմագերիների դատավարությունը«Կան ապացույցներ, որ նրանք զենքը վայր դրված, ողջ գտնվել են Ադրբեջանի զինված ուժերի հսկողության տակ», - նշեց փաստաբանը:
Ըստ Սիրանուշ Սահակյանի, Բաքուն հայ գերիներին պահում է քաղաքական գործընթացները սպասարկելու համար։ Չի բացառում, որ օրինակ՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը զուգահեռ՝ հայրենադարձվեն բոլորը։
Գերիների անհապաղ վերադարձը անվերապահ դրույթ է, սակայն փաստաբանի դիտարկմամբ՝ միջազգային կառույցներն Ադրբեջանի վրա ճնշում չեն գործադրում՝ պատժամիջոցներ չեն կիրառում, պատճառն, ըստ նրա, հայաստանյան իշխանությունների պասիվությունն է և աշխարհաքաղաքական շահերը:
«Արևմտյան երկրներն ունեն տնտեսական, առևտրային ու քաղաքական շահեր Թուրքիայի և նրա հովանավորյալ Ադրբեջանի հետ, ավելին՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների սրացման պայմաններում ավելի մեծ ստրատեգիական արժեք են ձեռք բերում Ադրբեջանը և Թուրքիան», - ընդգծեց Սարգսյանը:
«Միջազգային իրավունքի աղաղակող ոտնահարմամբ՝ Ադրբեջանը թիրախավորել էր քաղաքացիական բնակչությանն ու ենթակառուցվածքները, ռմբակոծում էր քաղաքները, օգտագործել է ֆոսֆորային ռումբեր և դաժան հաշվեհարդար է տեսել այն ծերերի նկատմամբ, ովքեր չեն հասցրել լքել իրենց տները ադրբեջանական առաջխաղացումից հետո։
Մինչ օրս տասնյակ հայ ռազմագերիներ պահվում են Բաքվի բանտերում, և որոնց Ադրբեջանը հրաժարվում է վերադարձնել», - Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում հայտարարել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը։
«Ու այս դժվար օրերին, հայ ժողովուրդը, որ հազարավոր տարիներ ապրել էր իր հայրենիքում` Լեռնային Ղարաբաղում, միջազգային հանրության կողմից չստացավ նույն աջակցությունը։ Ինչո՞ւ», - այս հարցը երեկ Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի եվրոպական պատվիրակությունների նախագահների համաժողովին հնչեցնում էր Հայաստանից Եղոյանը: