ԱՄՆ դեսպանը հանդիպել է գերեվարված հայ զինծառայողների ազգականներին

Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին մարտի 29-ին հանդիպել է 2020 և 2021թթ․ գերեվարված հայ զինծառայողների ազգականներին, տեղեկացնում է ԱՄՆ դեսպանությունը՝ նշելով, որ հանդիպմանը ներկա էին և՛ անհայտ կորածների, և՛ Ադրբեջանում երկարատև ազատազրկման դատապարտված զինծառայողների ազգականներ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Բաքվում հասկացանք, որ շատ գերի կա». գերիների հստակ թիվ դեռ չկա, կան խոստումներ

Ինչպես հաղորդագրությունում է նշվում՝ քննարկման առանցքում մարդու իրավունքների հարցերն էին, այդ թվում՝ հրադադարի մասին 2020-ի նոյեմբերին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի եռակողմ հայտարարության 8-րդ կետը՝ ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակման մասին, և Ժնևյան կոնվենցիան։

«Մենք կոչ ենք անում ազատ արձակել բոլոր բանտարկյալներին և, հաշվի առնելով հարազատների գտնվելու վայրի ու ճակատագրի մասին տեղեկություններ չունեցող ընտանիքների ցավը, մեծացնել ջանքերը՝ միտված անհայտ կորած զինծառայողների մասին (այդ թվում՝ 1990-ականներից) տեղեկություններ ձեռք բերելուն», - ասված է դեսպանության ֆեյսբուքյան էջում տեղադրված հաղորդագրությունում։

Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ մարտի 21-ի դրությամբ անհայտ է 187 զինծառայողի և 21 քաղաքացիական անձի գտնվելու վայրը։ Մինչև օրս Ադրբեջանը Հայաստանին է հանձնել գերեվարված ընդհանուր թվով 150 զինծառայող և քաղաքացիական անձ։ Պաշտոնական տվյալներով՝ ադրբեջանական բանտերում դեռ պահվում է 44-օրյա պատերազմի ընթացքում և հետո գերեվարված մոտ չորս տասնյակ հայ: Բաքուն բազմիցս հայտարարել է, որ վերադարձրել է բոլոր գերիներին՝ ադրբեջանական բանտերում պահվողներին անվանելով «ահաբեկիչներ»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանը հաստատեց 8 գերիների վերադարձը՝ հրապարակելով անունները
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ալիևի պնդմամբ՝ Հայաստանին են վերադարձվել բոլոր գերիները, պահվում են միայն «ահաբեկիչները և դիվերսանտները»