Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի մերձակայքում գտնվող ավաններում խաղաղ բնակիչների սպանությունների կապակցությամբ Եվրոպական միությունը ծրագրում է Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ:
Եվրոպական միության լիդերները պնդում են, որ Ուկրաինայի տարածքում այս սպանությունները և մի շարք այլ պատերազմական հանցագործություններ ռուսաստանցի զինծառայողներն են կատարել:
Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնն առաջարկել է Եվրամիությանն ընդհանրապես հրաժարվել Ռուսաստանում արդյունահանված ածխից և նավթից: Նոր պատժամիջոցների խնդիրը կքննարկվի ապրիլի 6-ին:
Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավյեցկին առաջարկել է Բուչայում խաղաղ բնակիչների սպանդի խնդրով գումարել Եվրամիության ղեկավարների արտակարգ գագաթնաժողով:
Նրա փոխանցմամբ, նոր պատժամիջոցներ սահմանելու գաղափարին դեմ է հատկապես Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը:
Մինչդեռ, ինքը` կանցլերը երեկ հայտարարել է, որ ի պատասխան Բուչայի կոտորածի` անհրաժեշտ է խստացնել Մոսկվայի նկատմամբ գործող պատժամիջոցներեը:
Ռուսական բանակը Բուչայից հեռացել է մարտի 30-ին: Ապրիլի 2-ին ուկրաինացիները հայտարարել են քաղաքում ձեռքերը կապված և մոտ տարածությունից գնդակահարված մի քանի տասնյակ խաղաղ բնակիչների դիակներ հայտնաբերելու մասին:
Ռուսաստանը կտրականապես հերքում է այդ սպանությունների հետ առնչությունը և պնդում է, որ ուկրաինացիները միջազգային հանրությանը կեղծ լուսանկարներ և տեսագրություններ են տրամադրել: