Շարունակվում են աշխատանքները՝ էլեկտրոնային մակագրման համակարգի շահագործումն ապահովելու համար. ԲԴԽ

Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը և ԲԴԽ անդամները այսօր հանդիպել են «Մեյսիս ինֆորմեյշն սիսթեմս» ՍՊԸ-ի տնօրեն Արմեն Մանուկյանի հետ և քննարկել էլեկտրոնային մակագրման համակարգի վերագործարկմանն ուղղված նախապատրաստական աշխատանքների ընթացքը:

«Չնայած մինչ օրս Դատական դեպարտամենտն այդպես էլ չի ստացել էլեկտրոնային մակագրման համակարգի գործարկման և շահագործման բանալիները և չունի ֆիզիկական հասանելիություն սերվերային համակարգին, ի նկատի ունենալով ՀՀ դատախազության տեղեկացումը քրեական գործով ծրագրի շահագործման խոչընդոտների բացակայության մասին, «Դատական համակարգ» համակարգչային ծրագրի հեղինակ և սպասարկումն ապահովող կազմակերպության և Դատական դեպարտամենտի մասնագետների կողմից ամենօրյա ռեժիմով շարունակվում են աշխատանքները՝ համակարգի ամբողջական շահագործումն օր առաջ ապահովելու համար», - ասված է ԲԴԽ տարածած հաղորդագրությունում:

Բարձրագույն դատական խորհրդի մեկ դատավոր և մեկ գիտնական անդամ լիազորվել են իրենց անմիջական հսկողության տակ պահել այդ աշխատանքների ընթացքը:

Կես տարի առաջ Ազգային անվտանգության ծառայությունը քրեական գործ էր հարուցել դատավորների միջև գործերի բաշխման գործընթացին ապօրինի միջամտելու, պաշտոնեական դիրքի չարաշահման դրվագով։ Փորձաքննության համար ԱԱԾ քննիչները առգրավել էին դատարանների համակարգչային ծրագրի մուտքի և կառավարման բանալիները։

Դատախազությունը պնդում է, որ ամիսներ առաջ առգրավվածը հետ են ուղարկել Բարձրագույն դատական խորհուրդ։ Խորհրդից պնդում են՝ դեռ չեն ստացել:

Եվ քանի դեռ կառույցը չի ստացել պահանջվող բանալիները, դատական գործերը դատարանների նախագահներն են բաժանում՝ ձեռքով մակագրման միջոցով։ Մինչ այս բաշխումը կատարվում էր էլեկտրոնային համակարգով՝ առանց մարդկային որևէ միջամտություն։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ո՞ւր են անհետացել դատական գործերի մակագրման համակարգի բանալիները. խնդիրը դեռ չի լուծվում