Այսօր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսել է Բուչայի ողբերգության մասին:
«Նախ մի նկատառում: Կհիշեք, ինձ քննադատել էին, երբ ես ասել էի, որ Պուտինը պատերազմի հանցագործ է, դե ճշմատրությունը տեսաք Բուչայում: Դա վկայում է, որ նա պատերազմի հանցագործ է: Բայց հարկ է ինֆորմացիա հավաքել»,- ասել է Բայդենը:
Նրա խոսքով, Միացյալ Նահանգները կշարունակի զենք տրամադրել Ուկրաինային, որ այդ երկիրը կարողանա պաշտպանվել: Նա ասել է նաև, որ Վաշինգտոնը կշարունակի մանրամասն տեղեկություններ հայթայթել Բուչայի իրադարձությունների մասին:
«Ուստի, դա կարող է դառնալ դատավարություն պատերազմի հանցագործության մեղադրանքով: Այդ տղան դաժան է, և այն, ինչ կատարվում է Բուչայում, սարսափելի է: Եվ բոլորը դա տեսան»,- ասել է Բայդենը:
Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք Բուչայում տեղի ունեցածը ցեղասպանություն է, Բայդենն ասել է, թե իր համոզմամբ, դա ոչ թե ցեղասպանություն է, այլ պատերազմի հանցագործություն: Նա ավելացրել է, որ Միացյալ Նահանգները նոր պատժամիջոցներ կսահմանի: