Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Միացյալ Թագավորության խորհրդարանի Մեծ Բրիտանիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Թիմ Լոութընը այսօր քննարկել են Հարավային Կովկասում, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը:
Վարչապետ Փաշինյանն իր դիտարկումներն է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի շուրջ տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ և ընդգծել միջազգային հանրության համարժեք արձագանքի կարևորությունը՝ Ադրբեջանի կողմից իրականացվող ապակառուցողական գործողություններին, հայտնում են կառավարությունից:
Գործադիրի ղեկավարն անդրադարձել է Արցախում ադրբեջանական գործողությունների հետևանքով առաջացող հումանիտար խնդիրներին, Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային ժառանագության ոչնչացման քայլերին, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման, տարածաշրջանային ապաշարջափակման հնարավորություններին, ինչպես նաև հայ-թուրքական երկխոսությանը:
Խոսելով երկու երկրների համագործակցության մասին` Թիմ Լոութընը համոզմունք է հայտնել, որ այն խորհրդարանական մակարդակով առաջիկայում կշարունակի ամրապնդվել, և իրենք կներդնեն բոլոր ջանքերը՝ նպաստելու երկկողմ քաղաքական ու տնտեսական կապերի խորացմանը: Նա կարևորել է ՀՀ-ում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներն ու համոզմունք հայտնել, որ դրանց արդյունավետ իրականացումը կնպաստի Հայաստանի հետագա առաջընթացին:
Իրադրությունը Ասկերանի շրջանի Փառուխ և Խրամորթ գյուղերում կտրուկ սրվել է շուրջ 10 օր առաջ, երբ ադրբեջանական զինուժը խախտեց շփման գիծը Փառուխի ուղղությամբ։ Այնուհետև Ռուսաստանի ՊՆ-ն հայտնեց, որ Ադրբեջանը հետ է քաշել զորքերը Փառուխ բնակավայրից։ Ստեփանակերտը հայտարարում է, որ Քարագլխի հիմնական բարձունքը` ամենաբարձր կետը գտնվում է հայկական կողմի վերահսկողության տակ, սակայն որոշ կարևոր բարձունքներ գտնվում են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ: