Ուկրաինայի իշխանություններն արդեն չեն խնդրում Արևմուտքից ընդունել Ուկրաինային ՆԱՏՕ և պատերազմել Ռուսաստանի դեմ, չեն պահանջում նաև, որ փակեն Ուկրաինայի օդը, որպեսզի ռուսական հրթիռներն ու ռումբերը չկարողանան ավերել ուկրաինական քաղաքներն ու սպանել խաղաղ բնակչությանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուկրաինան հաղորդում է Բուչայի փողոցներում տասնյակ սպանվածների դիերի առկայության մասինԱյսօր Ուկրաինայի իշխանությունները պահանջում են Արևմուտքից գոնե տնտեսապես կործանել Ռուսաստանը, որ ռուսական զինվորներն ի զորու չլինեն նոր «բուչաներ» ստեղծել երկրի տարածքում:
Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան «Մեծ յոթնյակ»-ից ու Եվրամիությունից պահանջում է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ. «Եվրամիության պատժամիջոցների նոր փաթեթը պետք է ներառի առանցքային մի շարք կետեր՝ SWIFT-ից անջատել ռուսական բոլոր բանկերը, էմբարգո ռուսական էներգակիրների՝ գազի, նավթի և ածուխի համար, փակել բոլոր նավահանգիստները ռուսական ապրանքի ու նավերի համար»:
Ըստ փորձագետների, Ռուսաստանը կարող է այս տարի ռեկորդային բարձր եկամուտներ ստանալ նավթի ու գազի վաճառքից
Արևմտյան փորձագետները կանխատեսում են՝ չնայած աննախադեպ պատժամիջոցներին, Ռուսաստանը կարող է այս տարի ռեկորդային բարձր եկամուտներ ստանալ նավթի ու գազի վաճառքից՝ էներգակիրների շուկայում բարձրացող գների պատճառով:
Հաշվի առնելով ներկայիս պատժամիջոցները Ռուսաստանի արժույթի զգալի ներհոսքը կարծես թե կշարունակվի, հաղորդում է Bloomberg գործակալությունը՝ մեջբերելով Միջազգային ֆինանսների ինստիտուտի տնտեսագետների վերջին ուսումնասիրությունը: Զեկույցում, մասնավորապես, նշված է. «Այս տարի Մոսկվան էներգիայի արտահանումից կարող է վաստակել գրեթե 321 միլիարդ դոլար, ինչը 1/3-ից ավելի է, քան 2021 թվականին: Ռուսաստանը կարող է ունենալ նաև ընթացիկ հաշվի ռեկորդային ավելցուկ, որն ըստ տնտեսագետների գնահատականների, կարող է հասնել 240 միլիարդ դոլարի»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պուտինը հրամանագիր է ստորագրել ռուսական գազի համար վճարումների նոր կարգի մասինԸնդորում, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հանձնարարել էր ոչ բարեկամ երկրներին գազը վաճառել բացառապես ռուբլով: Նա ասել էր, որ Ռուսաստանը կհրաժարվի նման պայմանագրերի համար վճարումներ ընդունել արտասահմանյան արժույթներով, այդ թվում՝ դոլարով և եվրոյով: Պուտինի այս ծրագրով Եվրոպական երկրները «Գազպրոմբանկում» պետք է ռուբլու և արտարժույթի հատուկ հաշիվներ բացեն՝ մատակարարումների դիմաց վճարելու համար: Նրանք արտարժույթ կփոխանցեն «Գազպրոմբանկին», որը բորսաներում կգնի ռուբլի և կփոխանցի ներկրողների հատուկ հաշիվներին:
Կրեմլը սպասարկող փորձագետների կարծիքով՝ այս ձևով Ռուսաստանի իշխանությունների կհաջողվի փրկել ռուբլին կտրուկ արժեզրկումից: Եվրոպական երկրները թեև հայտարարեցին, որ հրաժարվում են գազը գնել ռուբլով, այդուամենայնիվ, կարծես թե համաձայն են աշխատել Կրեմլի ներկայացրած սխեմայով:
Financial Times-ի պնդմամբ՝ ԵՄ-ը պատրաստվում է քննարկել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ
Բուչայի սպանությունները, սակայն, նոր թափ են հաղորդել լիակատար էմբարգո սահմանելու կոչերին։ Financial Times-ի փոխանցմամբ՝ Եվրամիությունը պատրաստվում է ապրիլի 6-ին քննարկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ։ Բրիտանական թերթը պնդում է, որ ավելի վաղ ԵՄ որոշ երկրներ առաջարկել էին ընդլայնել արտահանման սահմանափակումները, էներգակիրների, այդ թվում՝ նավթի, ածուխի և գազի էմբարգո սահմանել, ինչպես նաև թույլ չտալ, որ ռուսական նավերը մտնեն արևմտյան նավահանգիստներ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի ղեկավարության նկատմամբThe Washington Post-ը գրում է՝ ԱՄՆ իշխանությունները ևս դիտարկում են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման հնարավորությունը։ Ըստ թերթի աղբյուրների՝ Բայդենի վարչակազմը քննարկել է ռուսական հանքարդյունաբերության, տրանսպորտի և ֆինանսական հատվածին ուղղված նոր սահմանափակումները։ Որոշում, սակայն, դեռ չի կայացվել։
Մոսկվայում, սակայն, համոզված են՝ գոնե առաջիկա տարիներին եվրոպական երկրները, հատկապես Գերմանիան, չեն կարողանա հրաժարվել ռուսական գազից, դրանից հետո էլ Կրեմլում հույս ունեն, որ Ռուսաստանը կկարգավորի արևելյան երկրներին, հատկապես Չինաստանին, էներգակիրների կրկնակի, նույնիսկ եռակի ծավալների մատակարարման լոգիստիկան։
Այսօր ռուսական գազն ապահովում է Գերմանիայի «կապույտ վառելիքի» ընդհանուր սպառման 40-50 տոկոսը։ Ընդորում՝ Գերմանիային վաճառվող գազը կազմում է «Գազպրոմի» ընդհանուր արտահանման մոտ մեկ երրորդը: Այսինքն՝ եթե հիպոտետիկ ենթադրենք, որ Գերմանիան հրաժարվում է ռուսական գազից, «Գազպրոմը» կկորցնի իր եկամուտների առնվազն մեկ երրորդը։ Առնվազն, որովհետև եվրոպական երկրներին Ռուսաստանը գազ վաճառում է ավելի թանկ, քան, օրինակ, Չինաստանին։
Ընդորում՝ նավթն ու գազը կազմում են Ռուսաստանի արտահանման մոտ կեսը և անցյալ տարի ապահովել էին բյուջեի եկամուտների մոտ 40 տոկոսը։
Ռուսաստանցի անկախ վերլուծաբանները նշում են, որ չնայած աննախադեպ պատժամիջոցների, Կենտրոնական բանկի պահուստային հաշիվների սառեցման և առանձին ոլորտներում արդեն բացահայտ ճգնաժամի, ռուսական պետությունը, այդ թվում նաև էներգակիրների վաճառքի շնորհիվ, կկարողանա գոնե առաջիկայում կատարել իր սոցիալական պարտավորությունները՝ վճարել թոշակներ ու աշխատավարձ պետության համար ծառայողներին։
Համեմատելու համար՝ Խորհրդային Միությունը, որի տնտեսությունը նույնպես մեծ կախման մեջ էր էներգակիրների վաճառքից, փլուզվեց հինգ տարում, երբ բարձր և նորմալ գներից հետո 1986- ին նավթի մեկ բարելի գինը իջավ 12 դոլարի։ Սովետական կայսրության տնտեսությունը սկսեց քայքայվել, և նավթի գնի որոշակի աճը 1987-1991-ին՝ մինչև 15-23 դոլար, չփրկեց նրան։