Եվրամիությունը, ինչպես և միջազգային հանրությունը ողջունում է Երևանի և Բաքվի կողմից հարաբերությունների կարգավորմանը ուղղված ցանկացած քայլ և կարևորում է խնդիրների համակողմանի լուծման անհրաժեշտությունը, հայտարարել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչը:
Տոյվո Կլաարը ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը տված հարցազրույցում ընդգծել է՝ Բաքվի կողմից Երևանին ներկայացված 5 կետանոց առաջարկը կարևոր է, բայց նույնքան կարևոր է նաև Հայաստանի պատասխանը:
Կլաարը նաև նշել է, որ Եվրամիության ուշադրության կենտրոնում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցը, և իրենք ջանքեր են գործադրում այս ուղղությամբ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ալիևն ու Փաշինյանը հաջորդ շաբաթ կհանդիպեն ԲրյուսելումՕրերս հենց Կլաարի միջնորդությամբ էին Բրյուսելում հանդիպել Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ու Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։ Խոսելով այդ հանդիպման մասին՝ Եվրոպացի բարձրաստիճան դիվանագետը նշել է՝ բանակցությունների նպատակն էր շարունակել ջանքերը երկու երկրների միջև խնդրահարույց հարցերի լուծման ուղղությամբ։ Նրա խոսքով, Գրիգորյանն ու Հաջիևը քննարկել են քաղաքական և անվտանգային իրավիճակը, երկկողմ հարաբերություններում առկա խնդիրները, ինչպես նաև իրենց առաջնորդների՝ Փաշինյանի և Ալիևի առաջիկա հանդիպման նախապատրասմանն ուղղված հարցեր։
Հաղորդվել էր, որ հայ և ադրբեջանցի պաշտոնյաները պայմանավորվել են կրկին հանդիպել՝ առաջիկա շաբաթներին, թե երբ և որտեղ՝ չէր հստակեցվել։
Տարածաշրջանի գծով Եվրամիության հատուկ ներկայացուցիչը նշել է՝ Երևանի և Բաքվի հետ այս քննարկումները թույլ են տալիս ավելի լավ հասկանալ՝ ինչ իրավիճակ է հիմա տեղում, և ինչ դեր կարող է ստանձնել Բրյուսելն այս գործընթացներում: Կլաարի խոսքով, իր հանդիպումներից հիմնականում դրական տպավորություններ է ստացել և հույս ունի, որ Եվրամիության ջանքերը կնպաստեն կողմերի միջև փոխզիջմանն ու չլուծված հարցերի հանգուցալուծմանը։
Ադրբեջանական մամուլին տված հարցազրույցում Տոյվո Կլաարը նաև մտահոգություն է հայտնել վերջին շրջանի ռազմական լարվածության վերաբերյալ: Նա շեշտել է, որ հրադադարը պետք է պահպանվի, միաժամանակ ընդգծել՝ չնայած Բրյուսելը ակտիվ ներգրավված է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ջանքերում, սակայն Եվրամիությունը 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կողմ չի հանդիսանում, ուստի իրավասու չէ հետևել դրա իրագործմանը: