Վճռաբեկ դատարանը որոշել է քննության առնել դատախազության հայցն ու ուսումնասիրել՝ օրինակա՞ն է արդյոք 2008-ի մարտյան արյունալի իրադարձությունների գործով Ռոբերտ Քոչարյանի և նրա նախկին երեք ենթակաների արդարացման վճիռը։ Դատարանը պետք է նաև որոշի՝ արդյոք օրենքը հակասո՞ւմ է Սահմանադրությանը, ինչի հետևանքով դատախազությունը հնարավորություն չունի վերաորակել Քոչարյանի և մյուսների մեղադրանքը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վերաքննիչն անփոփոխ թողեց Ռոբերտ Քոչարյանին և նրա նախկին ենթականերին արդարացնելու որոշումը4 ամիս առաջ վերաքննիչը մերժել էր այս հարցով Գլխավոր դատախազության բողոքը և անփոփոխ էր թողել երկրորդ նախագահի և նրա նախկին երեք ենթակաների արդարացման վճիռը։ Գլխավոր դատախազությունը դիմել էր վերջին՝ վճռաբեկ ատյան, որն էլ վարույթ է ընդունել որոշումը, իսկ սա նշանակում է, որ վճռաբեկը բավարար հիմքեր է տեսել հարցը քննելու համար, ասում է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
«Այստեղ շատ կարևոր է, թե ինչքանով է հիմնավորված եղել, այսինքն՝ այդ գնահատումից ելնելով է վճռաբեկ դատարանը որոշում կայացնում որևէ բողոք, միջնորդություն վարույթ ընդունելու կամ չընդունելու վերաբերյալ: Բողոքը, որը ներկայացվել է վճռաբեկ դատարանին, այնտեղ առանձին հատված վերաբերում է բողոքը վարույթ ընդունելու հիմքերի առկայությանը, շատ հստակ շարադրված են այդ բոլոր հիմքերը և ենթադրում եմ, որ դրանք հաշվի առնելով, դրանց հիմնավորվածությունը փաստարկելու արդյունքում է, որ վճռաբեկ դատարանը որոշել է գլխավոր դատախազի բողոքն ընդունել վարույթ», - ասաց Աբրահամյանը:
Մեկ տարի առաջ Սահմանադրական դատարանն անվավեր և հակասահմանադրական էր ճանաչել Քրեական օրենսգրքի՝ սահմանադրական կարգը տապալելու հոդվածը, որով և մեղադրանք էր առաջադրվել 2008-ի Մարտի 1-ի գործով անցնող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ու նրա ենթականերին։ Սահմանադրականի որոշումից երկու շաբաթ անց արդեն առաջին ատյանի դատարանն արդարացրել էր Ռոբերտ Քոչարյանին, Սեյրան Օհանյանին, Յուրի Խաչատուրովին, Արմեն Գևորգյանին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Դատախազությունը բողոքարկել է Քոչարյանի և մյուսների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու դատարանի որոշումըԳլխավոր դատախազությունը, սակայն, անցած ամիսներին շարունակ հայտարարում էր՝ թեև Քոչարյանին և մյուսներին վերագրվող հոդվածը ճանաչվել է հակասահմանադրական, սակայն դա չի նշանակում, որ նրանք մեղավոր չեն մարտյան իրադարձությունների համար։ Մեղադրող կողմը պնդում էր, որ նրանց արարքը պետք է վերաորակվի։ Գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանը նույնը պնդել էր նաև վերաքննիչ դատարանում՝ 2008-ի հետընտրական արյունալի իրադարձությունների գործով արդարացված Ռոբերտ Քոչարյանի ու նրա նախկին երեք ենթակաների արարքները չեն դադարել գոյություն ունենալ, նրանց պետք է մեղադրանք առաջադրել պաշտոնական լիազորություններն անցնելու համար, ասել էր նա և հարց բարձրացնել՝ ո՞ւր մնաց մարտյան իրադարձությունների տուժածների իրավունքը։
«Սահմանադրական դատարանի որոշման նորմը, որով նախատեսված հանցագործությունը մեղսագրվում էր ի թիվս այլ ամբաստանյալների, դադարեց գոյություն ունենալ, բայց չդադարեց գոյություն ունենալ այն արարքը, որը կատարվել էր մեր դիրքորոշման համաձայն և որը նկարագրված է մեղադրանքներում: Այդ արարքները, այդ նկարագրությամբ ընդհուպ կարող են որակվել և պետք է որակվեին Քրեական օրենսգրքի 309 հոդվածի 3-րդ մասով», - նշել է Բաղդասարյանը։
Քոչարյանի պաշտպանի կարծիքով, դատարանը մեկ ելք ունի՝ մերժել բողոքը
Թեև քննությունը դեռ չի սկսվել, սակայն, երկրորդ նախագահի պաշտպանը վստահ է՝ դատախազության այս նախաձեռնությունն էլ արդյունք չի տալու։ Հայկ Ալումյանի կարծիքով, դատարանը մեկ ելք ունի՝ մերժել բողոքը՝ մի քանի պատճառներից ելնելով։
«Եթե այս բողոքն այդպես բավարարվեց, գործը գնաց առաջին ատյանի դատարան, ստացվելու է, որ քննվում է առաջին ատյանի դատարանում քրեական գործ, ըստ Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքի, Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով: Դուք պատկերացնո՞ւմ եք դա ինչ է նշանակում, երբ որ Քրեական օրենսգրքի 300.1 հոդված արդեն մեկ տարուց ավելի է չկա: Սահմանադրական դատարան, եթե վճռաբեկ դատարանը դիմում է, ինքը պիտի դիմի այն հոդվածի սահմանադրականության հարցով, որն ինքը երբեք չի կիրառում, այսինքն դատարանում մեղադրանքի փոփոխության հոդվածի մասին է խոսքը, բայց վճռաբեկ դատարանում երբեք մեղադրանք չի փոխվում, օրենքով նախատեսված չէ: Օրենքով նախատեսված է մեղադրանքի փոխում կա՛մ նախաքննության ընթացքում, կա՛մ առաջին ատյանի դատարանում», - ասաց պաշտպանը:
Ալումյանը հիշեցնում է, որ Քոչարյանի և մյուսների մեղադրանքի՝ Սահմանադրության հետ հակասության մասին իրենք խոսում էին քրեական գործի հարուցման առաջին իսկ օրից, և հենց այդ ժամանակ դատախազությունը կարող էր այլ հոդվածով մեղադրանք առաջադրել, ինչը, սակայն չէր արել։ Հիմա դատախազությունը ժամանակ է ձգում, ասում է Ալումյանը:
«Ինքը այդ ժամանակը բաց է թողել, երկու տարբերակ կա՝ կա՛մ բավարար պրոֆեսիոնալ չի եղել որ իրոք տեսնի, որ այս խնդիրները գոյություն ունեն, որը ես համարում եմ, որ սա չի իրական պատճառը, կա՛մ տեսնելով հանդերձ, որ այս խնդիրները կան, մտածել է՝ երևի կկարողանանք դատարաններով անցկացնել», - նշեց նա:
Վճռաբեկում դեռ չեն հաղորդում՝ երբ է աղմկահարույց այս գործով նիստը կայանալու։ Հայտնի է միայն, որ զեկուցող դատավոր է նշանակվել Սերժիկ Ավետիսյանը, ինչին դեմ է արտահայտվել Գլխավոր դատախազությունը։ Մեղադրող կողմը պնդում է, որ նա հայտնի գործարար Սամվել Կարապետյանի քենակալն է, իսկ Կարապետյանը մեկն էր այն գործարարներից, որ 2020-ին ամռանը գումար էր փոխանցել, որպեսզի Ռոբերտ Քոչարյանը ազատ արձակվի կալանքից՝ 2 մլրդ դրամ գրավի դիմաց։