Անդրանիկ Փիլոյանը մեղարդվում է կոռուպցիոն գործարքների մասնակցելու մեջ և ձերբակալվել է երեկ գիշեր։
Հակակոռուպցիոն կոմիտեից հաղորդում են, որ ըստ մեղադրանքի, նախարարությունում աշխատանքի ընդունելու համար, Փիլոյանը կաշառք է ստացել ջեռուցման համակարգի տեսքով։ Այլ դեպքերում էլ նախարարությունում աշխատաքի ընդունելը արժեցել է 2000-2500 ԱՄՆ դոլար։
Ըստ նախաքննության, Փիլոյանը նաև իր խորհրդականի օժանդակությամբ մի ընկերությունից խոշոր չափի կաշառք է ստացել այդ ընկերության օգտին գործողությունների կատարելու համար, այլ մանրամասներ չեն նշվում։
Բացի այդ, քրեական գործի նյութերի համաձայն փրկարար ծառայության երկու ստորաբաժանումների ղեկավարները կազմակերպել են մի շարք աշխատակիցների պարգևատրման գործընթաց, որից հետո հափշտակել են վերջիններիս պարգևավճարների գումարները:
Ըստ իրավապահների, Փիլոյանի ղեկավարած նախարարությունում նաև մրցույթներից մեկի տեխնիկական բնութագիրն է այնպես կազմվել, որպեսզի միայն ցանկալի ընկերությունը հնարավորություն ունենա մասնակցել և հաղթել:
Բազմադրվագ այս քրեական գործով ներգրավված են Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը, վերջինիս խորհրդականը, ինչպես նաև ԱԻ նախարարության 10-ից ավելի աշխատակիցներ, այդ թվում` տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ:
Ըստ նախաքննական մարմնի, հանցավոր այս գործարքները կատարվել են Փիլոյանի խորհրդականի օգնությամբ, ում տանը գտել են հրազեն և ռազմամթերք: Քրեական գործով 9 անձ ունեն մեղադրյալի կարգավիճակ, ավելի քան 10 անձ՝ կասկածյալի։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը երկրից չհեռանալու մասին։
Կոռուպցիոն այս սկանդալին այսօր կառավարության նիստին անդրադարձել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը. - «Հանրայնորեն ստանձնել ենք զրո հանդուրժողականություն կոռուպցիայի նկատմամբ, և շատ կարևոր է, որ մենք այդ դիրքորոշումը հետևողականորեն և սկզբունքային պահենք, ինչը չի նշանակում դեռևս որևէ բան, որովհետև պետք է տեղի ունենա նախաքննություն, պետք է ի վերջո գործը գնա դատարան և օրինական ուժի մեջ մտած դատավճռով կամ դրանից հետո կարելի կլինի որևէ եզրակացություն անել։ Այս պահին ուղղակի արձանագրում եմ, որ... Այսինքն արձանագրելու կարիք առանձնապես չկա, որովհետև համոզված եմ, որ բոլորդ տեղյակ եք, հաճելի չէ այս իրավիճակը, բայց կարծում եմ, հանրության առաջ ստանձնած պարտավորությունները, օրենքի գերակայությունը, օրենքի առաջ մեր բոլորի հավասարությունը շատ ավելի կարևոր է»։
Դատավոր Արմեն Պողոսյանը մեկուկես ժամ նախարարի կալանքի հարցը քննելուց հետո հեռացավ խորհրդակցական սենյակ։ Փիլոյանի փաստաբան Տիգրան Սարգսյանը քննության ավարտին մեր հարցերին պատասխանել չցանկացավ, անգամ չհստակեցրեց նախարարը մեղադրանքը ընդունում է, թե ոչ։
ԱԱԾ-ն ԱԻՆ-ում խուզարկություններ էր սկսել երկուշաբթի օրվանից , որից հետո վարչապետը Փիլոյանին 14 օրով արձակուրդ էր ուղարկել։
Անդրանիկ Փիլոյանը արտակարգ իրավիճակների նախարար էր նշանակվել 2020-ի նոյեմբերից, երբ 2018-ից այս պաշտոնը զբաղեցնող Ֆելիքս Ցոլակյանը հրաժարական ներկայացրեց։
Պատերազմի թեժ օրերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ նա կարժանանա «Ազգային հերոսի» կոչմանը, առանց մանրամասնելու, թե որ գործողության համար։ Երկու օր անց Փիլոյանին նախագահի հրամանագրով շնորհվեց «Ազգային հերոսի» կոչում: