Եվրոպան հրաժարվում է ռուսական գազի համար ռուբլով վճարել։ Անցած օրերին Կրեմլի ղեկավարն էր պահանջել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանած եվրոպական երկրներից ռուսական գազի դիմաց վճարումներն այսուհետ ռուբլով իրականացնել։ Այսկերպ Մոսկվան փորձում է ամրապնդել պատերազմի ֆոնին գահավիժող ռուբլու փոխարժեքը։
«Մենք չենք վճարի ռուբլով, այս հարցում մենք միասնական ենք Եվրամիության մյուս երկրների հետ», - նախօրեին հայտարարում էր Ավստրիայի պաշտպանության նախարար Կլաուդիա Տեները։
Երեկ Պուտինի հետ հարցը քննարկել է նաև Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։
Գերմանիան ու Ավստրիան «վաղ նախազգուշացման մեխանիզմ» են գործարկել՝ ռուսական գազի մատակարարումների ընդհատումների կամ ամբողջական դադարեցման հնարավորության պատճառով։
Պաշտոնական Բեռլինը չի բացառում, որ Գերմանիան առաջիկայում կարող է ռուսական գազի մատակարարման ընդհատումների բախվել, և կոչ է արել սպառողներին, ընկերություններին նվազեցնել գազի օգտագործումը, Ավստրիայի իշխանություններն էլ մտադիր են ուժեղացնել վերահսկողությունը գազի շուկայում։
«Ֆրանսիան դեմ է ռուբլով հաշվարկներին»,- իր հերթին, հայտարարել է նախագահ Էմանյուել Մակրոնը՝ պնդելով, որ ռուսաստանցի պաշտոնակցի պահանջը պայմանագրի խախտում է։
Պուտինի պահանջին չեն պատրաստվում հետևել նաև Մեծ յոթնյակի անդամ արևմտյան երկրները, որոնք այդ մասին համատեղ հայտարարություն են տարածել՝ ընդգծելով, որ «դա պայմանագրերի միակողմանի և ակնհայտ խախտում է»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Մեծ յոթնյակի» երկրները հրաժարվում են ռուսական գազի համար վճարել ռուբլով«Մատակարարումները պետք է իրականացվեն եվրոյով կամ դոլարով», - ասել է Եվրահանձնաժողովի խոսնակ Էրիկ Մամերը։
Դեմ են արտահայտվել նաև Արևելյան Եվրոպայի երկրները։ «Չեմ կարծում, թե Եվրոպայում որևէ մեկը գիտի, թե ինչ տեսք ունի ռուբլին»,- հայտարարել է Սլովենիայի վարչապետ Յանեզ Յանշան։
Շուրջ մեկ շաբաթ առաջ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ռուսական գազի դիմաց «ոչ բարեկամական երկրները» պետք է վճարեն ռուբլով։ Մոսկվան այդ ցանկում շուրջ հինգ տասնյակ երկիր է ներառել՝ հիմնականում արևմտյան պետություններ, որոնք պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։
Պուտինի հանձնարարությամբ՝ այսօր Ռուսաստանի կառավարությունը, Կենտրոնական բանկը պետք է հաշվետվություն ներկայացնեն՝ ինչպես են այդ հաշվարկներն իրականացնելու և ինչպես կարող են եվրոպացիները ռուբլի գնել։
Չնայած նախապես հնչած հայտարարություններին՝ Մոսկվան Եվրոպա մատակարարված գազի դիմաց մարտի 31-ից ռուբլով վճարումներ չի պահանջի։ Այս մասին նախօրեին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, ով անցած օրերին արձագանքելով Եվրոպայից հնչող կոշտ հայտարարություններին՝ պնդում էր, որ ռուսական կողմը մտադիր չէ գազ մատակարարել անվճար։ Կրեմլի խոսնակը երեկ պարզաբանել է, թե ռուբլով վճարումները տեխնոլոգիապես ձգձգված գործընթաց է, և այնպես չէ , որ վաղը մատակարարված գազն արդեն պետք է ռուբլով վաճառվի։
Եվրամիություն ներմուծվող բնական գազի ընդհանուր ծավալի մոտ 40 տոկոսը բաժին է հասնում ռուսական կապույտ վառելիքին։