Արդեն մեկ շաբաթ է ադրբեջանական զինուժն Արցախի տարածքում է։ Այս ընթացքում միայն, պաշտոնական տեղեկության համաձայն, ադրբեջանցի զինվորականները լքել են Փառուխ գյուղը, այն ռուս խաղաղապահների վերահսկողության տակ է։
Ռուսկան կողմն ավելի վաղ հայտնել էր, որ այդ տարածքում հավելյալ պահուստային ուժեր են կենտրոնացվում՝ ադրբեջանցիների հետագա առաջխաղացումը կանխելու համար։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փառուխը ռուս խաղաղապահների վերահսկողության տակ է, հայկական ուժերը պահպանել են Քարագլխի հիմնական մասի տիրապետումըՈւշագրավ է, որ ռուսական կողմը հաղորդագրություններում չի անդրադառնում Փառուխի հարևանությամբ գտնվող Քարագլխին։ Ռազմավարական նշանակություն ունեցող բարձունքում, ըստ պաշտոնական Ստեփանակերտի, շարունակում են մնալ ադրբեջանցի զինվորականները։ Նրանք դիրքային որևէ փոփոխություն չեն կատարել։
Այս ընթացքում հնարավոր չէ գնալ Փառուխ և դրա հարևանությամբ գտնվող Խրամորթ, քանի որ ադրբեջանական զորքերից ոչ շատ հեռու գտնվող գյուղերում ոստիկանությունն ուժեղացված վերահսկողություն է իրականացնում, լրատվամիջոցների մուտքն արգելված է։ Այս ընթացքում շուրջ 200-ից ավելի բնակիչներ դեռ իրենց տներ չեն վերադարձել։
Իրադրությունը Աղդամին սահմանակից Ասկերանի շրջանի այս գյուղերում կտրուկ սրվեց անցած հինգշաբթի օրվանից, երբ ադրբեջանական զինուժը խախտեց շփման գիծը Փառուխի ուղղությամբ։ Ադրբեջանական կողմի գործողությունների հետևանքով պաշտպանության բանակի երեք զինծառայող զոհվեց, 15-ը՝ վիրավորվեց։ Վիրավորներից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր էր։
Վիրավորներից մեկի վիճակը շարունակվում է մնալ ծայրահեղ ծանր
Վիրավոր զինվորականների առողջական վիճակի մասին Արցախի մարդու իրավունքների պաշտպանն է տեղեկություն հայտնել։
Ըստ Գեղամ Ստեփանյանի, մարտի 25-ին Փառուխ գյուղի և Քարագլուխ բարձունքի մոտ տարբեր աստիճանի վիրավորումներ ստացած 5 անձինք շարունակում են ստացիոնար բուժում ստանալ Արցախի բժշկական հաստատություններում։ Նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար, գտնվում են կազդուրման փուլում։ Պաշտպանի փոխանցմամբ, առաջիկա օրերին նրանք դուրս են գրվելու բուժհաստատություններից։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փոխհրաձգության հետևանքով, ճշտված տեղեկություններով, վիրավորվել է ՊԲ հինգ զինծառայողԵրևան տեղափոխված երկու վիրավորներից մեկի վիճակը գնահատվում է թեթև, կյանքի համար վտանգներ չկան, երկրորդի վիճակը շարունակվում է մնալ ծայրահեղ ծանր, տեղեկացնում է Արցախի մարդու իրավունքների պաշտպանը։
Ըստ Արցախի, ադրբեջանական կողմը ևս ունեցել է զգալի կորուստներ, ինչը Բաքուն հերքում է։