Միրզոյանը վրաց պաշտոնյաների հետ քննարկել է տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը վերաբերող հարցեր

Աշխատանքային այցով Թբիլիսիում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին ընդունել են նրա վրացի գործընկեր, փոխվարչապետ Դավիդ Զալկալիանին, ապա վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: Պաշտոնյաները քննարկել են տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը վերաբերող մի շարք հարցեր։

Արարատ Միրզոյանն անդրադարձել է ադրբեջանական զինված ուժերի` Լեռնային Ղարաբաղի Փառուխ գյուղ ներխուժմանը, Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ շարունակական հոգեբանական ճնշումների իրականացմանը և հումանիտար ճգնաժամի ստեղծանն ուղղված գործողություններին։ Ընդգծվել է ադրբեջանական ստորաբաժանումների՝ մարտի 23-ի ելման դիրքեր վերադարձի և 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ հաստատված հրադադարի ռեժիմի լիակատար պահպանման անհրաժեշտությունը, հայտնում է Հայաստանի ԱԳՆ-ն:

Արցախում իրադրությունը կտրուկ սրվել է մարտի 24-ից, երբ ադրբեջանական զինուժը խախտեց շփման գիծը Փառուխի ուղղությամբ։ Երեկ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ բանակցությունների արդյունքներով ադրբեջանական կողմը իրականացրել է իր ստորաբաժանումների դուրսբերումը Փառուխ բնակավայրի տարածքից: Ավելիուշ Արցախի տեղեկատվական շտաբը մանրամասնեց, որ Փառուխը ռուս խաղաղապահների վերահսկողության տակ է, հայկական ուժերը պահպանել են Քարագլխի հիմնական մասի տիրապետումը: Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմն էլ հայտնում է, որ որոշում է ընդունվել խաղաղապահների պահուստային ուժեր կենտրոնացնել Փառուխ գյուղի հատվածում՝ ադրբեջանական զորքի հետագա առաջխաղացումն արգելափակելու համար։


Արարատ Միրզոյանը Վրաստանի վարչապետին ու փոխվարչապետին ներկայացրել է նաև հայկական կողմի դիրքորոշումը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ սկսելու վերաբերյալ՝ այդ համատեքստում ընդգծելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջնորդական դերը: Կարևորվել է իրավիճակի դեէսկալացիային և տարածաշրջանում կայունության հաստատմանն ուղղված ջանքերի գործադրումը:

Բաքուն այսօր հայտարարել է, թե մտադիր է Երևանի հետ խաղաղության համաձայնագիր կնքել, եթե Հայաստանը պատրաստ է լուրջ քայլերի։

Հայաստանի արտգործնախարարը գործընկերոջն է ներկայացրել Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների առանց նախապայմանների կարգավորման գործընթացը: Նրանք խոսել են նաև հայ-վրացական հարաբերությունների ու համագործակցության մասին: