Խրամորթցի Սաթենիկը ստիպված լքել է գյուղն ու տունը, բազմանդամ ընտանիքի հետ տեղավորվել Ստեփանակերտի մի փոքր սենյակում

«Թեյ էինք խմում, ու սկսեցին կրակել խոշոր տրամաչափի զենքերով: Շատ էի վախեցել, ամբողջ մարմնով դողում էի: Ամուսինս տարավ ինձ Ստեփանակերտ, շատ վատ հոգեվիճակով սպասում էի երեխայիս ծննդին, ընդամենը մի քանի օր էր մնում, որ երեխան ծնվեր»:

Խրամորթցի 21-ամյա Սաթենիկը օրեր առաջ է առաջնեկին ունեցել` նույն այն ընթացքում, երբ Խրամորթում արդեն ապահով չէր: Ստիպված էր Ստեփանակերտ տեղափոխվել` նախ վտանգի պատճառով, բացի այդ տունը, ուր ամուսնու հետ էին ապրում, տվել են ռուս խաղաղապահներին, որոնք վերջին սրացումներից հետո Խրամորթում նոր հենակետ են ավելացրել:

«Ռուս խաղաղապահները հիմա գտնվում են մեր տանը, մեր տան պայմանները շատ լավն էին: Ես, բայց, չեմ բողոքում, քանի որ դա արդարացված է: Եթե նրանք գտնվում են մեր տանը, ուրեմն ապահով է չէ՞ ժողովուրդը: Ես առանց մի վայրկյան մտածելու ասացի` թող գան, բայց ռուս խաղաղապահների գալուց հետո էլ ադրբեջանցիները չէին նայում, սկսեցին կրակել, սկսվեց այս կարճաժամկետ, բայց անորոշ պատերազմը», - ասում է Սաթենիկը:

Ստեփանակերտում մեծ ընտանիքը մի փոքր սենյակում է տեղավորվել, Սաթենիկը հիմա ապրում է մոր, պապի, Բաքվից արդեն մեկ անգամ փախստական դարձած սկեսրոջ ու ամուսնու քրոջ հետ` վարձով մի քանի քառակուսի մետր տարածքում: Հյուրասենյակը և՛ ննջասենյակ է, և՛ խոհանոց: Բայց անգամ այդ սենյակը դժվարությամբ են գտել:

«Խոհանոց, բաղնիք, չգիտեմ՝ ինչ ա... մեր հարմարավետ տունը թողած` ադրբեջանցիների պատճառով եկել ենք ստեղ: Արցախում հիմա շատ դժվար է վարձով տուն գտնելը, քանի որ տեղահանվածները Հադրութից, փախստականները, բոլորը ստեղ են, մի սենյակում 7 հոգով մնում են»:

Խրամորթում մնացած ամենահարազատ մարդուց է փորձում ամեն օր ճշտել, թե ինչ իրավիճակ է հարազատ գյուղում, հայրը չի ցանկանում անհանգստացնել իրեն. «Զանգում ես, ասում է` սաղ լավ ա»:

Նաև ամուսնու մասին է մտահոգ: Պայմանագրային զինծառայող է: Այս ընթացքում իրենց առաջնեկին՝ մի քանի օրական Արմենին շատ կարճ ժամանակով է հասցրել տեսնել. «Ամուսինս հիմա դիրքերում է ու երեխային ընդամենը երկու անգամ է տեսել: Երեխաս տասը օրական է, ու իմ համար էնքան դժվար ա»:

Արցախ Ադրբեջանի զինուժի ներխուժումից հետո, ըստ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի, ավելի քան 400 բնակիչ է տուժել, նրանց մի մասը՝ կանայք, երեխաներ ու ծերեր ավելի ապահով բնակավայրեր են տեղափոխվել:

«Եկանք ստեղ ու սպասում ենք ավելի լավ նորությունների: Աստված տա՝ խաղաղություն լինի, իմ միակ երազանքը դա է` խաղաղություն լինի, ու Արցախի մնացած փոքրիկներն ապրեն խաղաղ երկնքի տակ», - ասում է Սաթենիկ Աբրահամյանը: